Կյանքից անժամանակ հեռացել է «Փյունիկ» ֆուտբոլային ակումբի գլխավոր քարտուղար Դավիթ Մարտիրոսյանը, հայտնել են ակումբից։
«Դավիթը մեր ֆուտբոլային աշխարհում մեծ հարգանք վայելող անձնավորություն էր՝ անսահման բարությամբ ու անչափ նվիրված իր սիրելի գործին: «Փյունիկ» ՖԱ-ի ամբողջ անձնակազմն իր խորին ցավակցությունն ու զորակցությունն է հայտնում նրա հարազատներին և մտերիմներին»,- հավելել են ակումբից։
Մարտիրոսյանը «Փյունիկի» գլխավոր քարտուղար էր նշանակվել 2024-ի հունվարին։ Նա երկար տարիներ գործունեություն է ծավալել հայկական ֆուտբոլում։ 2012-2020թթ․ թղթակցել է «Ֆուտբոլ Պլյուս» շաբաթաթերթին, աշխատել է «Միկա» ու «Գանձասար-Կապան» ֆուտբոլային ակումբների մամուլի բաժնում: 2019-ից Մարտիրոսյանը համալրել է «Ուրարտու» ֆուտբոլային ակումբը` որպես հանրային կապերի և մամուլի բաժնի ղեկավար, այնուհետև դարձել գործադիր տնօրեն և կոմերցիոն հարցերով փոխտնօրեն։ Մարտիրոսյանը նաև Newmag հրատարակչատան սպորտային մատենաշարի ղեկավարն էր։