Քննչական կոմիտեն իրականացնում է քննություն՝ պարզելու ապրիլի 30-ին ՀՀ ազգային ժողովի բակում լրագրողի մասնագիտական գործունեությունն առերևույթ բռնության գործադրմամբ խոչընդոտելու դեպքի հանգամանքները պարզելու ուղղությամբ։
Գերատեսչության տվյալներով՝ Ազգային ժողովի բակում Civic.am-ի լրագրող Դավիթ Լևոնյանին է մոտեցել ՀՀ ԱԺ պատգամավորներից մեկի օգնական Ա․Ս․-ն և վիճաբանել է նրա հետ։ Հայտնում են, որ օգնականը հայհոյանք է հնչեցրել նրա հասցեին և մեկ անգամ ձեռքով հարվածել դեմքին՝ պատճառելով մարմնական վնասվածք։
Ըստ հաղորդման՝ հարվածից լրագրողն ընկել է, վնասվել է նրա ձեռքին եղած տեսախցիկը։
Հաղորդման առթիվ ՀՀ քրեական օրենսգրքի 237-րդ հոդվածի 3-րդ մասի հատկանիշներով (բռնության գործադրմամբ լրագրողի մասնագիտական օրինական գործունեությունը խոչընդոտելը, պատժվում է մինչև 6 տարի ազատազրկմամբ), նախաձեռնվել է քրեական վարույթ։ Լևոնյանը ճանաչվել է տուժող։
«Իրականացվում են անհրաժեշտ քննչական և վարութային գործողություններ՝ դեպքի հանգամանքները պարզելու և տեղի ունեցածին վերջնական իրավական գնահատականներ տալու նպատակով»,- հավելում է ՔԿ-ն։
«Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության քարտուղար Արթուր Հովհաննիսյանը հայտնել էր, որ «Հայաստան» խմբակցության անդամ, ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի որդի Լևոն Քոչարյանի օգնականը հարվածել է Civic.am-ի լրագրողին։ Civic.am-ի լրագրողը, ըստ Հովհաննիսյանի, հարցազրույց է վերցրել «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության անդամներից մեկից, որից հետո նրան է մոտեցել «Լևոն Քոչարյանի, ըստ էության, թիկնապահը, բայց օգնականի հաստիքի վրա գրանցված երիտասարդ», հայհոյել նրան և հարվածել դեմքին: