Տավուշի թեմի առաջնորդ Բագրատ արքեպիսկոպոս Գալստանյանը մայիսի 6-ին լրագրողներին հայտնել է, որ «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության բաձրաստիճան անդամները ներքին ուղերձներ են հղում «Տավուշը հանուն հայրենիքի շարժմանը»՝ հարցնելով, թե ինչպե՞ս կարող են միանալ իրենց։
Հայաստանի վարչապետի աշխատակազմի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից «Արմենպրեսին» հայտնել են, որ տեղեկությունն «անհեթեթ» է։
«Անհեթեթ է անդրադառնալ նման հարցադրմանը: Տխուր է արձանագրել այն փաստը, որ սուտն ու կեղծիքը հասել են Հայ Առաքելական եկեղեցու արքեպիսկոպոսական աստիճանին»,- աշխատակազմից ասել են «Արմենպրես»-ին։
Արքեպիսկոպոսը լրագրողներին հայտնել էր շարժմանը միանալու «Քաղաքացիական պայմանագրի» ներկայացուցիչների մտադրության մասին։
«Քաղաքացիական պայմանագրի բարձրաստիճան անդամները, որոնց ես ողջունում եմ, արդեն իսկ ներքին ուղերձներ են հղում մեզ, թե ինչպես կարող են միանալ։ Սա էլ իրենց (Հայաստանի իշխանությունների) համար պատգամ է, թող հիմա մտածեն։ Սրա մասին չէի ուզում ասել: Տղերք, չվախենաք, ոչնչից»,- ասել է արքեպիսկոպոսը։
«Տավուշը հանուն հայրենիքի» շարժումը քայլերթի 3-րդ օրն սկսել էր Սևանի թերակղզու խաչմերուկից և այն կամփոփի Կոտայքի մարզի Սոլակ բնակավայրում։ Armenia Today-ի նկարահանող խումբը հայտնում է, որ երթը հասնում է Հրազդան քաղաք, իսկ վաղը ժամը 12։00-ին կշարժվի դեպի Աբովյան քաղաք։ Շարժումը հայտարարել է, որ Երևան են հասնելու մայիսի 9-ին։
Մայիսի 4-ից «Տավուշը հանուն հայրենիքի» շարժումը երթ է սկսել դեպի Երևան: Կազմակերպիչները նախատեսում են երթով Երևան հասնել մայիսի 9-ի կեսօրին: Տավուշում ապրիլի 19-ի երեկոյան սկսվել էին մարզի սահմանամերձ գյուղերի բնակիչների բողոքի ակցիաները։ Տավուշից սահմանի սահմանազատում սկսելու և Ադրբեջանին մի շարք տարածքներ հանձնելու Հայաստանի իշխանությունների որոշման դեմ նրանք փակել էին Կիրանց գյուղի ճանապարհը։ Մայիսի 2-ի առավոտյան ոստիկանությունը բերման էր ենթարկել բողոքի ակցիայի 30 մասնակցի և փակել դեպի գյուղ տանող ճանապարհը:
ՀՀ ԱԳՆ-ն ապրիլի 19-ին հայտարարել էր, որ Հայաստանն ու Ադրբեջանը պայմանավորվել են սահմանազատման գործընթացն սկսել Տավուշի մարզից, ինչից հետո Տավուշի սահմանամերձ գյուղերի բնակիչները բողոքի ակցիաներ էին սկսել։ Ակցիաների պատճառ էր դարձել նաև վարչապետի աշխատակազմի՝ ավելի ուշ արված հայտարարությունը, ըստ որի սահմանազատումից հետո Զինված ուժերը նշված հատվածների շրջանում իրենց տեղը կզիջեն սահմանապահ զորքերին։ Ապրիլի 19-ից մեկնարկած ակցիաները հաջորդող օրերին սկսվել են նաև ՀՀ այլ մարզերում։ Հայաստանի և Ադրբեջանի սահմանին կոորդինատների ճշգրտման աշխատանքների շրջանակներում գեոդեզիական չափումների հիման վրա մայիսի 6-ի դրությամբ 40 սահմանային սյուն է տեղադրվել։