«Տավուշը հանուն հայրենիքի» շարժումը հայտարարել է Երևանի պետական համալսարանի ուսանողական խորհրդի և ուսանողների մեծամասնության՝ շարժմանը միանալու մասին, սակայն բուհի մամուլի ծառայությունից հայտնում են, որ տեղեկությունը կեղծ է։
«Համալսարանում տոտալ դասադուլ չկա։ Ներկա ուսանողների մեծամասնությունը շարունակում է դասապրոցեսը»,- ասել է ԵՊՀ մամուլի խոսնակ Քնար Միսակյանը։
Նա նշել է, որ դեռևս հստակ տեղեկություն չունի այն մասին, թե որքան ուսանող է բացակայում դասերից, որ ֆակուլտետները կամ կուրսերն են դասադուլ անում՝ նշելով, որ տեղեկությունները ճշտելուն պես կհայտնի։
ՀՀ ԱԳՆ-ն ապրիլի 19-ին հայտարարել էր, որ Հայաստանն ու Ադրբեջանը պայմանավորվել են սահմանազատման գործընթացն սկսել Տավուշի մարզից, ինչից հետո Տավուշի սահմանամերձ գյուղերի բնակիչները բողոքի ակցիաներ էին սկսել։ Մայիսի 4-ից «Տավուշը հանուն հայրենիքի» շարժումը երթ էր սկսել դեպի Երևան, որը նպատակակետին էր հասել մայիսի 9-ին և հանրահավաք իրականացրել։ Սրբազանը հանրահավաքին հայտարարել էր Փաշինյանի հրաժարականի պահանջի մասին և նրան ժամանակ տվել։ Փաշինյանը, սակայն, չէր արձագանքել իրեն ուղղված կոչին, որից հետո Սրբազանը հայտարարել էր, որ իմպիչմենտի համար ԱԺ-ում գործընթաց է սկսվելու։ Նա կոչ էր արել մայիսի 10-ից անհնազանդության ակցիաներ իրականացնել։