«Տավուշը հանուն հայրենիքի» շարժման 8 մասնակից ժամը14։50-ի դրությամբ բերման է ենթարկվել ոստիկանություն, Armenia Today-ին հայտնեց ՆԳՆ ԶԼՄ և հասարակայնության հետ կապի վարչության պետ Զարզանդ Գաբրիելյանը։
Նրա տեղեկությամբ՝ նրանցից 5-ը բերման է ենթարկվել Վարչական իրավախախտումների մասին օրենսգրքի 182-րդ հոդվածով (ոստիկանի օրինական պահանջին չենթարկվելը), մյուս 2-ը՝ սառը զենք կրելու, իսկ 1-ը՝ արգելված իր կրելու կասկածանքով։
Գաբրիելյանի խոսքով՝ բերման ենթարկվածները 3 ժամվա ընթացքում ազատ կարձակվեն։ Նա չհստակեցրեց, թե արդյոք բերման ենթարկվածների թվում կա՞ն Սլավոնական համալսարանի ուսանողներ։ Ավելի վաղ լրատվամիջոցները գրել էին, որ ոստիկանները ձերբակալել են դասադուլին միացած Սլավոնականի ուսանողին։
Քննչական կոմիտեն հայտնել է, որ մայիսի 10-ին՝ ժամը 12։00-ի սահմաններում, Երևանի Նալբանդյան և Իսահակյան փողոցների խաչմերուկից սառը զենք կրելու կասկածանքով ձերբակալվել է շարժման ակցիայի 2 մասնակից։
ՔԿ տվյալներով՝ վերջիններս Երևանի 42-ամյա և 47-ամյա բնակիչներ են, որոնցից առաջինը նախկինում երեք անգամ դատապարտված է եղել գույքի հափշտակության (որոնցից երկուսը՝ ավազակությամբ), իսկ երկրորդը՝ ուրիշի առողջությանը դիտավորությամբ ծանր վնաս պատճառելու համար։
Դեպքի առթիվ քրեական վարույթ է նախաձեռնվել ՀՀ քրեական օրենսգրքի 334-րդ հոդվածի 1-ին մասի հատկանիշներով (ապօրինի կերպով քաղաքացիական ողորկափող հրազեն, գազային, օդաճնշիչ, սառը կամ նետողական զենք կրելը, առավելագույն պատիժն ազատազրկում՝ 2 տարի ժամկետով)։
ՀՀ ԱԳՆ-ն ապրիլի 19-ին հայտարարել էր, որ Հայաստանն ու Ադրբեջանը պայմանավորվել են սահմանազատման գործընթացն սկսել Տավուշի մարզից, ինչից հետո Տավուշի սահմանամերձ գյուղերի բնակիչները բողոքի ակցիաներ էին սկսել։ Մայիսի 4-ից «Տավուշը հանուն հայրենիքի» շարժումը երթ էր սկսել դեպի Երևան, ուր հասավ մայիսի 9-ին և հանրահավաք իրականացրեց։ Սրբազանը հանրահավաքին հայտարարել էր Փաշինյանի հրաժարականի պահանջի մասին և նրան ժամանակ տվել։ Փաշինյանը, սակայն, չարձագանքեց իրեն ուղղված կոչին, որից հետո Սրբազանը հայտարարեց, որ իմպիչմենտի համար գործընթաց է սկսվելու ԱԺ-ում։ Նա կոչ էր արել մայիսի 10-ից անհնազանդության ակցիաներ իրականացնել։