Հանրապետության Հրապարակում կազմակերպված հավաքի մասնակիցներից մեկի մոտ հայտնաբերվել է սառը զենք` սուր, տեղեկացնում է Քննչական կոմիտեն։
Նշվում է, որ մայիսի 11-ին՝ ժամը 18։20-ին, ՀՀ ՆԳՆ ոստիկանության Կենտրոնական բաժնի ՀՈԲ ծառայողների կողմից Երևան քաղաքի Արամ-Բուզանդ փողոցների միջնամասում գտնվող «Խաչքարերի պուրակ» կոչվող հատվածից սառը զենք պահելու և կրելու հիմնավոր կասկածով ձերբակալվել է բողոքի ակցիայի մասնակիցներից մեկը, ում մոտից հայտնաբերվել է 60 սմ շեղբի երկարությամբ պատյանով սուր։
Դեպքի առթիվ ՀՀ քրեական օրենսգրքի 334-րդ հոդվածի 1-ին մասի հատկանիշներով (ապօրինի կերպով քաղաքացիական ողորկափող հրազեն, գազային, օդաճնշիչ, սառը կամ նետողական զենք կրելը, պատժվում է տուգանքով` առավելագույնը քսանապատիկի չափով, կամ հանրային աշխատանքներով՝ 80-100 հիսուն ժամ տևողությամբ, կամ ազատության սահմանափակմամբ՝ առավելագույնը երկու տարի ժամկետով, կամ կարճաժամկետ ազատազրկմամբ՝ առավելագույնը երկու ամիս ժամկետով, կամ ազատազրկմամբ՝ առավելագույնը երկու տարի ժամկետով) նախաձեռնվել է քրեական վարույթ:
Նախաքննությամբ պարզվել է, որ բողոքի ակցիայի հիշյալ մասնակիցը 3 օր, մասնակցելով Երևան քաղաքի Հանրապետության հրապարակում կազմակերպված հավաքներին, կրել է երկարաշեղբ սառը զենք հանդիսացող սուր: Վերջինիս նկատմամբ հարուցվել է հանրային քրեական հետապնդում:
Մայիսի 4-ին «Տավուշը հանուն հայրենիքի» շարժումը երթ էր սկսել դեպի Երևան, ուր հասել էին մայիսի 9-ին և նույն օրը հանրահավաք անցկացրել՝ հայտարարելով, որ պատրաստվում են ԱԺ-ում վարչապետ Նիկոլ Փաշինյանին անվստահության գործընթաց սկսել։ Շարժումը գլխավորող, Հայ առաքելական եկեղեցու Տավուշի թեմի առաջնորդ Բագրատ Սրբազանը հանրահավաքի ժամանակ կոչ էր արել մայիսի 13-ի առավոտից անհնազանդության ակցիաներ սկսել։
ՀՀ ԱԳՆ-ն ապրիլի 19-ին հայտարարել էր, որ Հայաստանն ու Ադրբեջանը պայմանավորվել են սահմանազատման գործընթացն սկսել Տավուշի մարզից, ինչից հետո Տավուշի սահմանամերձ գյուղերի բնակիչները բողոքի ակցիաներ էին սկսել։ Ակցիաների պատճառ էր դարձել նաև վարչապետի աշխատակազմի՝ ավելի ուշ արված հայտարարությունը, ըստ որի սահմանազատումից հետո Զինված ուժերը նշված հատվածների շրջանում իրենց տեղը կզիջեն սահմանապահ զորքերին։ Ապրիլի 19-ից մեկնարկած ակցիաները հաջորդող օրերին սկսվել են նաև ՀՀ այլ մարզերում։ Հայաստանի և Ադրբեջանի սահմանին կոորդինատների ճշգրտման աշխատանքների շրջանակներում գեոդեզիական չափումների հիման վրա մայիսի 6-ի դրությամբ 40 սահմանային սյուն է տեղադրվել։