ԱՄՆ միջազգային զարգացման գործակալությունը պատրաստակամ է շարունակել աջակցությունը աղետների ռիսկի կառավարման և ՀՀ դիմակայունության բարձրացման ոլորտներում։ Այս մասին ՆԳ նախարար Վահե Ղազարյանի հետ հանդիպման ժամանակ հայտարարել է ԱՄՆ միջազգային զարգացման գործակալության կառավարչի Եվրոպայի և Եվրասիայի հարցերով տեղակալ, դեսպան Էրին Մըքին:
Ղազարյանը բարձր է գնահատել ՀՀ-ի և ԱՄՆ-ի միջև ձևավորված ամուր և բարեկամական-գործընկերային հարաբերությունները:
«Նախարարը կարևորել է ԱՄՆ միջազգային զարգացման գործակալության հետ համագործակցությունը, մասնավորապես՝ աղետների ռիսկի նվազեցման, արտակարգ իրավիճակներին արագ արձագանքման, աղետների հետևանքների վերացման և աղետների ռիսկի կառավարման ուղղություններով»,- ասվում է գերատեսչության հաղորդագրության մեջ:
Նա բարձր է գնահատել նաև ԱՄՆ պաշտպանության դեպարտամենտի վտանգների նվազեցման գործակալության կողմից իրականացվող ծրագրի շրջանակներում Փրկարար ծառայությանը ցուցաբերած նյութատեխնիկական աջակցությունը և փրկարար ծառայողների մասնագիտական կարողությունների զարգացմանն ուղղված միջոցառումները:
Մըքին անդրադարձել է Հայաստանում հեղեղումների աղետալի հետևանքներին և պատրաստակամություն է հայտնել շարունակելու հումանիտար աջակցությունը՝ աղետից տուժած անձանց և ընտանիքներին, ինչպես նաև աղետների ռիսկի կառավարման և դիմակայունության բարձրացման գործում:
Հանդիպման ընթացքում անդրադարձ է կատարվել նաև Փրկարար ծառայության տեխնիկական հնարավորությունների զարգացման, ինչպես նաև տեխնիակական անվտանգության խնդիրներին և թվայնացման գործընթացին: