Վերջին օրերին համաշխարհային միջին օրական ջերմաստիճանը ռեկորդներ է սահմանում, միլիարդավոր մարդիկ բախվում են ծայրահեղ շոգի «համաճարակի» հետ, հայտարարել է ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Անտոնիու Գուտերեշը:
«Շոգի տեսակյունից աննախադեպ շաբաթ էր։ Անցած կիրակի, երկուշաբթի և երեքշաբթի օրերը դիտարկումների ողջ պատմության ընթացքում ամենաշոգ օրերն են եղել»,- նշել է Գուտերեշը։
Նրա խոսքով՝ աշխարհի բնակչությունն ավելի ու ավելի է զգում շոգը։
«Երկիրը գնալով ավելի ու ավելի է տաքանում և վտանգավոր դառնում բոլորի համար։ Միլիարդավոր մարդիկ բախվում են ծայրահեղ շոգի, այսպես կոչված, համաճարակի հետ»,- հավելել է նա։
ՄԱԿ-ի Համաշխարհային օդերևութաբանական կազմակերպության կանխատեսմամբ՝ առաջիկա հինգ տարիներին գլոբալ ջերմաստիճանը կարող է հասնել ռեկորդային բարձր մակարդակի: