Վարչապետ Նիկոլ Փաշինյանն այցելել է Արմավիրի մարզ, ծանոթացել 2023 թվականին իրականացվող և ներկայումս ընթացքի մեջ գտնվող ծրագրերին, հայտնում է կառավարության մամուլի ծառայությունը։
«Հայաստանի Հանրապետությունը զարգանում է՝ տեսանելի տեմպերով»,- այցից հետո Facebook-ի իր էջում գրել է Փաշինյանը։
Ըստ հաղորդագրության՝ Փաշինյանը ծանթացել է մարզում կառուցվող մի շարք մանկապարտեզների, դպրոցների, ճանապարհների, գազատարների և այլ կառույցների շինարարական աշխատանքներին։
Նշվում է, որ այցի շրջանակում Փաշինյանին են ներկայացվել «Ագրո Մենեջմենթ» ընկերության ներդրումային ծրագրերը՝ խաղողի այգիներ, գինու արտադրություն, զբոսաշրջություն և ջերմոցային տնտեսություն: Ըստ կառավարության՝ ընկերությունն օգտվել է ինտենսիվ այգեգործության, ագրոպարենային ոլորտի սարքավորումների լիզինգի աջակցության, գյուղատնտեսական տեխնիկայի լիզինգի աջակցության և գյուղատնտեսական հումքի մթերումների (գնումների) նպատակով ոլորտին տրամադրվող վարկերի տոկոսադրույքների սուբսիդավորման ծրագրերից։
«Լեռնագոգ բնակավայրում կառավարության ղեկավարը ծանոթացել է «Հայաստան» համահայկական հիմնադրամի կողմից Լեռնային Ղարաբաղից բռնի տեղահանված ընտանիքների համար կառուցվող 14 առանձնատների և նոր մանկապարտեզի կառուցման աշխատանքներին»,- ասվում է հաղորդագրության մեջ:
Նույն բնակավայրում Փաշինյանին ներկայացվել է «Փաուեր սոլար» ընկերության 60 Մվտ հզորությամբ արևային կայանի ներդրումային ծրագիրը, որի ընդհանուր արժեքը կազմել է 12,3 մլրդ դրամ: Կայանը տարվա կտրվածքով միջինում կարտադրի 120 մլն․ կվտ կանաչ էներգիա, որը կիրացվի էլեկտրաէներգիայի ազատականացված շուկայում։ Կայանն ապահովում է 40-50 աշխատատեղ` կազմված համայնքի բնակիչներից։ Ներդրումային ծրագրին նպաստել է նաև կառավարության ընդունած՝ բանկային տոկոսներին սուբսիդավորման ծրագիրը:
Փաշինյանը նաև ծանոթացել է «Ալմոնդ ագրո» ընկերության նշենու այգուն: Ներդրումային ծրագրով հիմնվել է 100 հա նշենու այգի՝ իր ջրավազանով։
«Մարգարա» մաքսային կետում Փաշինյանը ծանոթացել էր Հայաստան-Թուրքիա սահմանային մաքսակետի արդիականացման աշխատանքներին։