Իսրայելի ռազմաօդային ուժերի կործանիչը հարվածներ է հասցրել Բեյրութի հարավային արվարձաններին, որտեղ գտնվում է «Հեզբոլլահ» շիական կազմակերպության շտաբը, տեղեկացնում է Al Hadath հեռուստաալիքը։
Ըստ հաղորդման՝ հարձակման արդյունքում ոչնչացվել է շիա կազմավորումների հրամանատար Աբու Սալեհը, ով պատասխանատու էր Իսրայելի տարածքում անօդաչու թռչող սարքերի հարձակումների համար։
Ինչպես TACC-ի թղթակցին հայտնել է Բեյրութի Գուբեյրի արվարձանի քաղաքապետարանի աղբյուրը, հարվածը հասցվել է Ալ-Ջամուս շրջանում, որտեղ սեպտեմբերի 20-ին սպանվել էր «Հեզբոլլահի» ռազմական առաջնորդ Իբրահիմ Աքիլը։
«Փրկարարները մաքրել են փլատակները և մտել պայթյունից վնասված շենք, սակայն զոհերի և վիրավորների մասին ստույգ տվյալներ դեռևս չկան»,- ասել է աղբյուրը։
Իսրայելը սեպտեմբերի 23-ի առավոտյան հարվածներ էր հասցրել Լիբանանում գործող «Հեզբոլլահ» շիական խմբավորման օբյեկտներին: Նույն օրն Իսրայելը ռազմական գործողություն էր սկսել։ Իսրայելն ու «Հեզբոլլահը» սեպտեմբերի 22-ին ծանր հարվածներ էին հասցրել միմյանց։
Սեպտեմբերի 20-ին իսրայելական բանակը հայտարարել էր, որ Լիբանանի հարավում խոցել է «Հեզբոլլահի» ավելի քան 100 արձակման կայաններ և թիրախներ։ Սեպտեմբերի 20-ին Իսրայելն ավիահարված էր հասցրել Բեյրութի արվարձաններին, ինչի հետևանքով զոհվել էր 45 մարդ։ «Հեզբոլլահ»-ը հայտնել էր, որ հարվածի հետևանքով սպանվել էր խմբավորման 16 անդամ, այդ թվում՝ հրամանատարներ Իբրահիմ Աքիլը և Ահմեդ Վահբին:
Սեպտեմբերի 17-ին և 18-ին Լիբանանում տարբեր էլեկտրոնային սարքերի, այդ թվում՝ «Հեզբոլլահի» կողմից հաղորդակցության համար օգտագործվող փեյջերների մի շարք պայթյունների հետևանքով զոհվել էր 37 անձ և վիրավորվել մոտ 3400-ը: Խմբավորումը և լիբանանյան իշխանությունները հարձակումների համար մեղադրել էին Իսրայելին: