Միացյալ Նահանգների ընտրված նախագահ Դոնալդ Թրամփը մտադիր է Ազգային հետախուզության նախկին տնօրենի պաշտոնակատար Ռիչարդ Գրենելի թեկնածությունն առաջադրել Ուկրաինայի ռազմական հակամարտությունը լուծելու հատուկ ներկայացուցչի պաշտոնում, հայտնում է Reuters-ը։
Ըստ աղբյուրի՝ նշանակվելու դեպքում Գրենելը պետք է առանցքային դեր խաղա հակամարտությունը դադարեցնելու Թրամփի փորձերում։ Միաժամանակ, գործակալությունը չի բացառում, որ ի վերջո՝ Սպիտակ տան ընտրված ղեկավարը կորոշի ընդհանրապես չստեղծել այդ պաշտոնը կամ դրանում կնշանակի մեկ ուրիշին։
Թրամփի առաջին ժամկետի ընթացքում Գրենելն զբաղեցրել է Գերմանիայում ԱՄՆ դեսպանի պաշտոնը, իսկ ավելի ուշ հանդիսացել է Միացյալ Նահանգների Ազգային հետախուզության տնօրենի պաշտոնակատարը։ Բացի այդ, Գրենելը ծառայել է որպես նախագահի հատուկ ներկայացուցիչ Սերբիայի և Կոսովոյի խաղաղ բանակցություններում։
Նոյեմբերի 5-ին ԱՄՆ-ում տեղի էին ունեցել 60-րդ համընդհանուր ընտրությունները։ Ըստ Fox News-ի` Թրամփը նախնական արդյունքներով ստացել է 270 ընտրական ձայն՝ դառնալով ԱՄՆ 47-րդ նախագահ։
Նոյեմբերի 6-ին Բայդենը շնորհավորել էր Թրամփին և նրան հրավիրել Սպիտակ տուն՝ քննարկելու պաշտոնի փոխանցումը: Թրամփին հաղթանակի կապակցությամբ շնորհավորել էին ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը, Վրաստանի վարչապետ Իրակլի Կոբախիձեն, Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը, ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Մարկ Ռյուտեն, Գերմանիայի կանցլեր Օլաֆ Շոլցը, Եվրոպական խորհրդի ղեկավար Շառլ Միշելը և քաղաքական այլ գործիչներ։
Նոյեմբերի 20-ին CNN-ը գրել էր, որ ԱՄՆ ընտրություններում Թրամփի հաղթանակն ստվերել է G20-ի գագաթնաժողովում Ուկրաինայի քննարկումը։