ՌԴ Կազան քաղաքում ոստիկանների կողմից Իրանից ժամանած ուսանողների կալանավորումն անընդունելի է, միջադեպի պատասխանատու պաշտոնյաները պետք է պատժվեն, X-ի իր էջում գրել է Մոսկվայում Իրանի դեսպան Քազեմ Ջալալին, հայտնում է ՌԲԿ-ն։
«Իրանցի ուսանողների և քաղաքացիների նկատմամբ ցանկացած անհարիր պահվածք դատապարտելի է, և Ռուսաստանի պատասխանատու պաշտոնյաները պետք է պատասխանատվության ենթարկվեն նման իրադարձությունների համար։ Կազանում իրանցի ուսանողների նկատմամբ ոչ պատշաճ վերաբերմունքի հարցն ամենալուրջ կերպով վերցվել է վերահսկողության տակ»,- գրել է դիվանագետը։
Նա միաժամանակ նշել է, որ այս հարցում արդեն «լավ արդյունքներ» են ձեռք բերվել, և դեսպանությունը հույս է հայտնել, որ օրինախախտների դեմ «հրատապ» միջոցներ կձեռնարկվեն։
Նոյեմբերի 22-ին Կազանի դաշնային համալսարանի արտաքին կապերի բաժնի մոտ զանգվածային ծեծկռտուք էր տեղի ունեցել, որից հետո ոստիկանությունը հայտնել էր, որ օտարերկրացիներ են բերման ենթարկվել։ Ըստ ՆԳՆ-ի՝ ամեն ինչ սկսվել էր երկու տղամարդու կոնֆլիկտից, որը վերաճել էր զանգվածային ծեծկռտուքի։ Նրանք ձերբակալվել են։
Նույն օրը ՌԴ մարզային քննչական կոմիտեն քրեական գործ էր հարուցել իշխանության ներկայացուցչի նկատմամբ բռնություն գործադրելու դեպքի առթիվ. ծեծկռտուքին մասնակցած օտարերկրացիներից մեկը բռնել էր ոստիկանի համազգեստից և հրել նրան։ Իրավապահները չեն հստակեցրել, թե ինչ ազգության են պատկանում ձերբակալվածները։