Ջիհադիստ զինյալները հարձակման ժամանակ փակել են Դամասկոսի և Հալեպի միջև ընկած ճանապարհը, որի հետևանքով զոհվել է մոտ 200 մարդ, այդ թվում՝ խաղաղ բնակիչներ, հայտնում է The Guardian-ը։
Նշվում է, որ նոյեմբերի 26-ին «Հայաթ Թահրիր ալ Շամ» (HTS) ջիհադական խմբավորումը և դաշնակից խմբավորումները հանկարծակի հարձակում են ձեռնարկել Հալեպի հյուսիսային նահանգի՝ կառավարության կողմից վերահսկվող շրջանների վրա։
Հալեպի գյուղական վայրերում խաղաղ բնակիչների շրջանում 19 զոհ կա հավելել է պարբերականը։
Al-Mayadeen հեռուստաալիքը նոյեմբերի 29-ին տեղեկացրել է, որ սիրիական բանակը Հալեպում և Իդլիբում հակագրոհ է իրականացնում «Հայաթ Թահրիր ալ Շամ» ահաբեկչական խմբավորման ուժերի դեմ։
«Սիրիայի բանակն սկսել է հետ մղել զինված խմբերի ինտենսիվ հարձակումը Հալեպի և Իդլիբի գյուղական վայրերում»,- ասված է հեռուստաալիքի հրապարակման մեջ։
Հեռուստաալիքի տվյալներով՝ բանակին հաջողվել է ազատագրել Էլ-Բակում քաղաքը։
Սիրիայում զինված հակամարտությունն սկսել է 2011 թվականից։ Գրոհայինները պարբերաբար հարձակումներ են իրականացնում մայրուղիների, քաղաքացիական և ռազմական մեքենաների վրա և ահաբեկում հեռավոր գյուղերի բնակիչներին: Սիրիական բանակը շարունակում է գրոհայինների ջոկատների ոչնչացման գործողությունները։