Մի շարք մասնագիտություններ և ծառայություններ հատուկ հարկման համակարգից դուրս բերելու և հարկման ընդհանուր համակարգ ներառելու դեպքում հազարավոր փոքր բիզնեսներ կանգնելու են փակման ռիսկի առջև, Armenia Today-ին ասել է ԱԺ «Հայաստան» խմբացության պատգամավոր Թադևոս Ավետիսյանը։
Նոյեմբերի 7-ին կառավարությունը հավանություն էր տվել 2025թ․ հուլիսի 1-ից գործունեության 12 տեսակներ հարկման ընդհանուր համակարգ ներառելու նախագծին, որով նրանք կզրկվեն հարկման հատուկ համակարգից (երբ վճարում են շրջանառության 5% հարկ և որպես միկրոբիզնես 0%)։ Հարկման ընդհանուր համակարգեվ նրանք ստիպված կլինեն վճարել 20% եկամտային հարկ):
Ավետիսյանն անընդունելի է համարել նախագիծը՝ նշելով, որ համաձայն չէ նաև այն հիմնավորման հետ, թե փոփոխության հիմքում հավասարության և արդարության սկզբունքն է։ Նա համոզված է, որ այն ավելի է խորացնելու այն խնդիրները։
«Սա անարդար և անարդյունավետ մոտեցում է։ Եթե նախագիծն ընդունվի, ապա 2025-ի հուլիսի 1-ից հետո փոքր բիզնեսի մի մասը դադարեցնելու է գործունեությունը։ Տասնյակ հազարավոր քաղաքացիներ, ովքեր ինքնազբաղված են կամ վարձու աշխատող են փոքր և միկրոբիզնեսներում, դառնալու են գործազուրկ: Նրանք փաստացի հարկ տվողից նպաստ ստացող են դառնալու և դիմելու են տարբեր անապահովության աջակցությունների և նպաստների ծրագրերի»,- նշել է պատգամավորը։
Նրա խոսքով՝ փոփոխությունը չի նպաստելու հարկային մուտքերի ավելացմանը, քանի որ գործունեությունը դադարեցնելու պատճառով փոքր բիզնեսը հարկ չի վճարելու։
«Երկարաժամկետում հարկային մուքտերը չեն ավելանալու։ Իրականում սա հակասոցիալական բնույթի փոփոխություն է, դեմ է սոցիալական արդարությանը։ Այն օբյեկտիվորեն նաև երկարաժամկետ բաասական հետևանքներ կունենա: Առանց այդ էլ հիմա խոշոր բիզնեսը, այսպես ասած, խժռում է փոքր և միջին բիզնեսին, քանի որ համարժեք պետական աջակցություն էլ չկա: Իսկ առկա աջակցությունները, արտոնությունները վերացնելու պարագայում, փաստորեն, օլիգարխների տնտեսություն ենք ունենալու՝ իր բոլոր բացասական հետևանքներով»,- հավելել է Ավվետիսյանը։
Նախագծի ընդունման դեպքում, ըստ նրա, եկամուտների բաշխվածությունն էլ ավելի բևեռացվելու։
«Արդյուքնում լինելու են նորելուկ օլիգարխներ՝ գերշահույթներով, արագ հարստացողներ, մյուս կողմում էլ գործազուրկներ կամ աշխատող կամ աշխատող աղքատներ: Սա մեր Սահմանադրությամբ ամրագրված սոցիալական, շուկայական տնտեսակարգին հակասող քաղաքականություն է»,- ընդգծել է նա։
Ավետիսյանը նշել է, որ բոլոր, այդ թվում՝ մեր տարածաշրջանի երկրներում, կան հատուկ արտոնյալ ռեժիմներ միկրոձեռնարկատիրության, փոքր բիզնեսի համար։
«Նախագծի եղինակներն ասում են՝ հավասարություն պետք է բերենք հարկման դաշտում, այսինքն՝ խոշոր բիզնեսի հարկման մեխանիզմը տարածել նաև փոքր և միջին բիզնեսի վրա, նաև միկրոձեռնարկատիրության վրա՝ որպես արդարության սկզբունք: Իրականում սա ճիշտ հակառակ՝ անարդար և անարդյունավետ մոտեցում է։ Ստացվում է, ինքնաշխատությամբ զբաղվող փոքր բիզնեսին, ընտանեկան բիզնեսին կամ միկրոձեռնարկատիրություններին խոշոր բիզնեսի նույն ծանր վարչարարություններն ես առաջարկում: Այդպիսով հաշվի չեն առնում փոքր բիզնեսի այն դժվարությունները, որոնք ունեն հենց իրենց մասշտաբի էֆեկտից ելնելով»,- ասել է պատգամավորը։
Նրա խոսքով՝ նախագիծը հակասում է իշխանության այն հայտարարություններին, թե «նպաստից դեպի աշխատանք» անցնել։
«Իշխանությունը վեց անգամ ավելացնում է հարկային բեռը և ստացվում է, որ իրենց բերած նախագծով փոքր բիզնեսն էլ ավելի մեծ հարկային բեռ է կրելու, քան խոշորը, մինչդեռ սոցիալական պետության հարկային համակարգում պրոգրեսիվ հարկում է անհրաժեշտ։ Այսինքն, շատ եկամուտ ստացող և խոշոր բիզնեսով զբաղվողները պետք է հարաբերականորեն ավելի մեծ հարկեր վճարեն քան փոքրերը»,- շեշտել է նա։
Ավետիսյանը ռիսկ է տեսնում նաև սպառողների համար։
«Այս նախագիծը վերաբերում է վերանորոգման աշխատանքներ կատարողներին, շինարարարական, առողջապահական ծառայություններ մատուցողներին, ինչպես նաև հաշվապահներին, անշարժ գույքի գնահատման գործակալություններին։ Բարձր հարկի ամբողջ բեռն, ի վերջո, կրելու են սպառողները՝ քաղաքացիները։ Ի դեպ, փոքր բիզնեսի այս տեսակների հիմնական շահառուների 90 տոկոսը ոչ թե խոշոր բիզնեսն է, այլ հենց քաղաքացիներն են, որոնք ստիպված են լինելու ծառայությունների համար ավելի բարձր գին վճարել»,- նշել է նա։
Պատգամավորը համոզված է՝ փոքր բիզնեսի հարկային բեռն ավելացնելով՝ ստվերը չի կրճատվելու, և արդյունավետ հարկային համակարգ չի ստեղծվելու։
«Այսինքն, փոքր բիզնեսը մեղավոր չէ, որ, օրինակ, պետական մարմինների թողտվությամբ ու մասնակցությամբ խոշոր բիզնեսը զարտուղի ճանապարհով օգտվում է փոքր բիզնեսի համար նախատեսված հարկային արտոնություններից»,- նկատել է նա։
Պատգամավորը հիշեցրեց, որ հունվարի 1-ից հարկման ընդհանուր համակարգում են լինելու փաստաբանական ծառայություններ մատուցողները, ինչն իր հերթին բացասական ազդեցություն է ունենալու իրավունքների պաշտպանության տեսանկյունից։
«Կան կոնկրետ փաստաբանական կազմակերպություններ, որոնք հատուկ խմբերին՝ սոցիալապես անապահով մարդկանց, գործազուրկներին, կենսաթոշակառուներին ծառայություններն անվճար են մատուցում։ Նրանք այլևս չեն կարողանալու ծառայություններ մատուցել և անվճար աջակցել քաղաքացիներին, որովհետև հարկային բեռն ավելանում է: Սա աբսուրդ է և անընդունելի մոտեցում։ Հետևանքներն ուղիղ կրելու են շահառուները, քանի որ անվճար փաստաբանական ծառայությունները վերանալու են»,- եզրափակել է նա։
Աննա Բադալյան