Արդարադատության փոխնախարար Կարեն Կարապետյանը հրաժարականի դիմում է ներկայացրել։
«Որոշում կայացրեցի ավարտել արդարադատության նախարարի տեղակալի պաշտոնում իմ աշխատանքները։ Ինձ համար մեծագույն պատիվ և պատասխանատվություն էր՝ ծառայել մեր երկրին այս կարևոր պաշտոնում: Ցանկանում եմ խորին երախտագիտությունս հայտնել այս բացառիկ հնարավորության համար»,- գրել է Կարապետյանը Facebook-ում։
Նա շնորհակալություն է հայտնել «նվիրյալ մասնագետների» իր թիմին։ Կարապետյանը նշել է, որ հպարտ է այն արդյունքներով, որը միասին գրանցել են՝ իրավական, դատական և հակակոռուպցիոն բարեփոխումների ուղղությամբ:
«Վստահ եմ, որ այս ջանքերը կշարունակեն ձևավորել մեր երկրի ապագա իրավական և ինստիտուցիոնալ համակարգը և կայուն հիմք կհանդիսանան նախարարության նոր թիմի հետագա արդյունավետ աշխատանքների համար»,- հավելել է նա։
Կարապետյանն Արդարադատության նախարարի տեղակալ էր նշանակվել 2023 թվականի փետրվարի 22-ին։
Սեպտեմբերի 25-ին ՔՊ պատգամավոր Հովիկ Աղազարյանն Armenia Today-ին հայտնել էր, որ խմբակցությունում ստորագրահավաք են սկսել Մինասյանի հրաժարականի պահանջով։ Մինասյանը հոկտեմբերի 1-ին հրաժարականի դիմում էր ներկայացրել։ Նախագահ Վահագն Խաչատուրյանը հոկտեմբերի 2-ի հրամանագրով պաշտոնանկ էր արել նախարարին:
Հոկտեմբերի 29-ին ՔՊ-ն Արդարադատության նախարարի պաշտոնում առաջադրել էր Գալյանի թեկնածությունը։ Նոյեմբերի 5-ին Գալյանը նշանակվել էր Արդարադատության նախարար։