Դեկտեմբերին Կարմիր խաչի միջազգային կոմիտեի (ԿԽՄԿ) ներկայացուցիչները Բաքվում տեսակցել են հայ անձանց, Armenia Today-ին հայտնել է կազմակերպության Հայաստանի գրասենյակի հաղորդակցման ծրագրերի ղեկավար Զառա Ամատունին։
Նա տեղեկացրել է, որ նրանց հնարավորություն է տրվել կապ հաստատել հարազատների հետ՝ օգտագործելով տարբեր կապի միջոցներ։
«Այս անգամ ԿԽՄԿ միջոցով, Արբեջանի իշխանությունների համաձայնությամբ, ընտանիքների կողմից հնարավորություն է տրվել նրանց անձնական իրերով ծանրոցներ փոխանցել»,- հավելել է Ամատունին։
Բաքուն հաստատել էր 23 հայ գերիների առկայությունը, որոնցից 17-ը գերեվարվել էին 2023 թվականի սեպտեմբերին՝ Արցախի վրա հարձակումից հետո։ Նրանց թվում նաև Արցախի ռազմաքաղաքական ղեկավարությունն է։ Արցախում 44-օրյա պատերազմից հետո 32 քաղաքացու հարկադիր անհետացման մասին տեղեկություններ կան, որոնք Ադրբեջանը հերքում է։
Ըստ իրավապաշտպանների՝ Բաքվում հայ բանտարկյալները ենթարկվել են ֆիզիկական խոշտանգումների և հոգեբանական բռնության։ Միջազգային իրավունքի մասնագետ, իրավապաշտպան Սիրանուշ Սահակյանը նոյեմբերին ասել էր, որ ձերբակալվածներից մի քանիսին ադրբեջանցիներն ստիպել են իրենց համար գերեզման փորել, որտեղ պետք է ողջ-ողջ թաղվեին։ Նա նաև նշել էր, որ նման գործոնների ազդեցության տակ գրանցվել էին ինքնասպանության փորձերի դեպքեր։ Նրա խոսքով՝ խոշտանգումների դեմ պայքարող ոչ մի միջազգային մեխանիզմ չի կարող այցելել Ադրբեջանում բանտարկյալներին։