Հայ բռնցքամարտիկ, Տոկիոյի Օլիմպիական խաղերի բրոնզե մեդալակիր Հովհաննես Բաչկովը 6-րդ հաղթանակն է տարել պրոֆեսիոնալ ռինգում, նա այդ մասին գրել է Instagram-ում։
32-ամյա Բաչկովը (63,5 կգ) Դուբայում մենամարտ է անցկացրել Տանզանիայի ներկայացուցիչ Սվահիբու Ռամադանիի դեմ և հաղթել տեխնիկական նոկաուտով:
Գոտեմարտը տեղի էր ունեցել դեկտեմբերի 7-ին՝ EMD Fight Night 10-ի շրջանակում։
Բաչկովը 2008 թվականից Հայաստանի բռնցքամարտի հավաքականի անդամ է, իսկ 2020 թվականի հոկտեմբերից հանդես է գալիս նաև պրոֆեսիոնալ ռինգում, որտեղ ոչ մի պարտություն չի կրել: 2021 թվականի հուլիսին Բաչկովը դարձել էր Տոկիոյի Օլիմպիական խաղերի բրոնզե մեդալակիր՝ հաղթելով Անտիգուայի, Ադրբեջանի և Ուզբեկստանի բռնցքամարտիկներին։
Բաչկովը նաև աշխարհի առաջնության քառակի բրոնզե մեդալակիր է (2017, 2019, 2021, 2023), Եվրոպական խաղերի չեմպիոն (2019) և Եվրոպայի կրկնակի չեմպիոն (2017, 2022):
ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությունը 2022 և 2023 թվականներին Բաչկովին ընդգրկել էր «Տարվա 10 լավագույն մարզիկների» ցանկում: