Դեկտեմբերի 13-ին Երևանի ԳՈՒՄ-ի շուկայում Սննդի անվտանգության տեսչական մարմնի և ՆԳՆ-ի համատեղ ստուգայցը լարված իրավիճակի և վիճաբանության է վերածվել, ինչից հետո 8 անձ է ձերբակալվել, որոնց թվում է մի քաղաքացի, որը փորձել է ինքնահրկիզվել։ ՀՀ ՆԳՆ ոստիկանության հասարակայնության հետ կապի և լրատվության վարչությունից Armenia Today-ին պարզաբանել են, որ ստուգայցի շրջանակներում ՍԱՏՄ-ն ստուգել է մսի սպանդանոցային մորթի վերաբերյալ փաստաթղթի առկայությունը, ՆԳՆ-ն վերահսկել է հասարակական կարգը։
«ՍԱՏՄ աշխատակիցների և հավաքված քաղաքացիների միջև առաջացած վիճաբանության ընթացքում քաղաքացիներից մեկը բենզին է լցրել իր վրա և փորձել ինքնահրկիզվել, որը կանխվել է ոստիկանների կողմից»,- հավելել են ՆԳՆ-ից։
Ոստիկանությունից նշել են, որ ինքնահրկիզման փորձ կատարած անձին ձերբակալել և բերել են բաժին՝ քննչական մարմին ներկայացնելու համար։
«Միջադեպի մասնակից ևս 7 անձ ձերբակալվել է խուլիգանության և դիտավորությամբ գույքը վնասելու անմիջական կասկածանքով և տեղափոխվել ոստիկանություն։ Նրանց վերաբերյալ կազմվում են համապատասխան փաստաթղթեր՝ նախաքննական մարմին ներկայացնելու համար»,- հստակեցրել են ՆԳՆ-ից։
ՍԱՏՄ խոսնակ Անուշ Հարությունյանն Armenia Today-ին հայտնել է, որ ՍԱՏՄ-ն ստուգումների արդյունքում ոչնչացման ենթակա մսամթերք է առգրավվել։ Հարությունյանի խոսքով՝ ստուգումները պարբերաբար իրականացվում են, սակայն այսօր դրանք սկսվել են նախատեսվածից ավելի շուտ։ Գերատեսչության ներկայացուցիչն ընդգծել է, որ ստուգումներն իրականացվել են դրանց անցկացման մասին հրամանի և ցուցման համաձայն։
«Ստուգումներն ավելի շուտ են սկսել՝ պարզելու, թե մսամթերքն ինչպե՞ս են բերում շուկա, ի՞նչ պայմաններում»,- ասել է նա։
Հարությունյանը չէ հստակեցրել, թե որքան միս է առգրավվել։ Ավելի ուշ Armenia Today-ին նա հայտնել է, որ շուկայից մոտ 1 տոննա միս է առգրավվել, որը ենթակա է ոչնչացման՝ այրման եղանակով։
«Եթե միսն ստուգված չէ, ուրեմն ենթակա է ոչնչացման»,- հավելել է Հարությունյանը՝ նշելով, որ մսամթերքի վաճառքի կետերի սեփանակատերերը վարչական պատասխանատվության կենթարկվեն։
Հարությունյանն ընդգծել է, որ մսամթերքի յուրաքանչյուր կիլոգրամի այրման համար ծախսերը պետք է վճարի տնտեսվարողը։
Շուկայի մսամթերքի կետերի սեփականատերերը դժգոհ են ստուգումներից։ Մսավաճառների խոսքով՝ ՍԱՏՄ-ն առգրավել է այն մսամթերքը, որը չի ունեցել փաստաթուղթ, ինչը կվկայեր սպանդանոցային մորթի մասին։ Նրանք պնդում են, որ նման փաստաթղթերը կարող են բացակայել Հայաստանում սպանդանոցների ոչ բավարար քանակի պատճառով։
Մսագործները նաև հայտարարել են սպանդանոցներում աշխատողների պակասի մասին։
«Զանգահարում ես, որ միսը տանես, քեզ ոչ ոք չի պատասխանում»,- ասել են տնտեսվարողները։
Նրանք վրդովված են, որ ՍԱՏՄ աշխատակիցները միսն իրենցից առգրավվել են առանց կշռելու։ Մսամթերքի վաճառողները պնդում են, որ «արտադրանքը պետք է ոչնչացվի տնտեսվարողների աչքի առաջ»։