Հայաստանի Հանրապետությունում հայտարարված ռազմական դրության պայմաններում սահմանված կարգով և բնականոն հունով շարունակվում է ընդհանուր զորահավաքի իրականացումը, որի շրջանակներում զորակոչվող քաղաքացիները պատշաճ կերպով ներկայանում են զինվորական ծառայության վայրեր և պատվով ու անձնվիրաբար կատարում իրենց առջև դրվող մարտական խնդիրներն ու պարտականությունները:
Ելնելով վերոգրյալից՝ ՀՀ զինվորական դատախազությունը հանրային իրազեկվածության բարձրացման, ինչպես նաև նախազգուշացման նկատառումներով հարկ է համարում տեղեկացնել և պարզաբանել հետևյալը․
Զորահավաքի միջոցով զորակոչված անձանց համար նախատեսված են նույն իրավունքները, պարտականությունները, ինչպես նաև քրեաիրավական պատասխանատվության միջոցները, որոնք նախատեսված են նաև հիմնական զինվորական ծառայողների համար:
Ըստ այդմ՝ ՀՀ զինվորական դատախազությունը զգուշացնում է, որ ՀՀ քրեական օրենսգրքի 362-րդ հոդվածի համաձայն՝ ինչպես զինվորական ծառայությունից վերջնականապես խուսափելու նպատակով զորամասը կամ ծառայության վայրն ինքնակամ թողնելը, այնպես էլ նույն նպատակով ծառայության չներկայանալը համարվում է դասալքություն:
Ռազմական դրության, պատերազմի ժամանակ կամ մարտի պարագաներում նշված արարքների կատարումը պատժվում է ազատազրկմամբ վեցից տասներկու տարի ժամկետով:
Այս մասին ասված է ՀՀ զինդատախազության տարածած հայտարարությունում։