ՀՀ պաշտպանության նախարարությունը հանրային քննարկման է ներկայացրել «Պահեստազորի սպայական կազմի պարտադիր զինվորական ծառայության 2020 թվականի զորակոչ հայտարարելու և զորացրում կատարելու մասին» Կառավարության որոշման նախագիծը։
Նախագծի ընդունման անհրաժեշտությունը պայմանավորված է «Զինվորական ծառայության և զինծառայողի կարգավիճակի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 19-րդ հոդվածի 1-ին և 5-րդ մասերի կատարումն ապահովելու հանգամանքով:
Նախագծով սահմանվում է պահեստազորի սպայական կազմի բժիշկ-մասնագետների պարտադիր զինվորական ծառայության 2020 թվականի զորակոչի հայտարարման և կազմակերպման գործընթացը, զորակոչի ապահովման ուղղությամբ գործողությունների շրջանակը:
Կառավարության որոշման նախագծում նշվում է․
Հայտարարել 2020 թվականի դեկտեմբերի 20-ից մինչև 2021 թվականի հունվարի 20-ը ներառյալ Հայաստանի Հանրապետության զինված ուժերի պահեստազորի սպայական կազմում հաշվառված՝ մինչև 35 տարեկան արական սեռի բժիշկ-մասնագետների պարտադիր զինվորական ծառայության զորակոչ (այսուհետ՝ պահեստազորի սպայական կազմի զորակոչ)՝ ծառայության ժամկետը սահմանելով երկու տարի:
Սահմանել պահեստազորի սպայական կազմի զորակոչի ենթակա անձանց թվաքանակը՝ մինչև 70 բժիշկ-մասնագետ:
Պահեստազորի սպայական կազմի զորակոչի շրջանակներում մինչև 2020 թվականի դեկտեմբերի 31-ը ներառյալ զորացրել «Զինվորական ծառայության և զինծառայողի կարգավիճակի մասին» օրենքով (այսուհետ՝ օրենք) սահմանված ժամկետում պահեստազորի սպայական կազմի պարտադիր զինվորական ծառայություն անցած զինծառայողներին:
Նշենք, որ սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից: