ԱԺ պաշտպանության և անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովում քննարկվել է «Զինվորական ծառայության և զինծառայողի կարգավիճակի մասին» օրենքում լրացումներ կատարելու մասին օրենքի նախագիծը։ Նախագծով նախատեսված փոփոխությունները նախաձեռնել են հանձնաժողովի նախագահ Անդրանիկ Քոչարյանը, պատգամավորներ Մխիթար Հայրապետյանն ու Արման Բաբաջանյանը:
«27 տարին լրացածները, ովքեր ծառայության չէին անցել, ամեն տարի որոշակի մեխանիզմներով գումար էին վճարում և քրեական հետախնդումից ազատվում էին։ Մենք որոշեցինք այդ ճանապարհը դադարեցնել և խնդրին տալ ֆունդամենտալ լուծում»,-նշել է Անդրանիկ Քոչարյանը։
Ըստ նրա՝ սրանով կլուծվի զինծառայությունից խուսափածների՝ Հայաստան վերադառնալու խնդիրը, նաև հնարավորություն կտրվի վերադարձողների համար քրեական հետապնդումից ազատվել և մասնակից դառնալ հանրային կյանքին։
Անդրանիկ Քոչարյանը նշեց, որ կխստացվի զորահավաքներից խուսափողների համար նախատեսված քրեական պատասխանտվությունը։
Ըստ պատգամավորի՝ նախագծի հիմնական նորամուծությունն այն է, որ հնարավորություն է տրվում այդ անձանց մասնակից դառնալու հանրային կյանքին, մյուս կողմից՝ կլինեն խստացումներ, ինչի շնորհիվ շատերն արդեն հեշտությամբ չեն խուսափի զինվորական ծառայությունից։ «Կհայտարարվեն հետախուզումներ, մենք խոչընդոտներ կստեղծենք նրանց դրսում մնալու համար»,-նշել է նա։
Այս խոստացումներից զատ տրվում է նաև ալտերանտիվ առաջարկ․ «Գալիս եք, մուծում եք 2 տարվա պայմանագրային աշխատակցի աշխատավարձի և հավելավճարի չափով և ազատվում, կամ գալիս եք պայմանագրային ծառայության եք անցնում, որի դեպքում պետությունը վճարում է այդ ծառայության համար»,-նշեց Անդրանիկ Քոչարյանը։
Նշենք, որ այս նախագիծը շրջանառության մեջ էր դրված դեռ սեպտեմբերի 10-ից՝ պատերազմից առաջ, սակայն քննարկվում է այժմ: