Հայաստանի Հանրապետությունը պատրաստվում է ընդդեմ Ադրբեջանի գանգատ ներկայացնել Մարդու իրավունքների եվրոպական դատարան: Այս մասին «Արմենպրես»-ին տեղեկացրել է ՄԻԵԴ-ում Հայաստանի Հանրապետության ներկայացուցիչ Եղիշե Կիրակոսյանը:
«Մենք բավականին ժամանակ է իրականացնում ենք նախապատրաստական աշխատանքներ՝ ապացույցների հավաքագրում, գնահատում, գանգատի նախապատրաստման պրոցեսներ: Մոտակա ժամանակներում մենք պատրաստվում ենք ընդդեմ Ադրբեջանի ներկայացնել գանգատ: Այն ներառելու է բավականին մեծ շրջանակ՝ սկսած զոհերի, վիրավորների, տեղահանվածների իրավունքների պաշտպանության տրամաբանությունից մինչև կորցրած և վնասված գույքի վերաբերյալ պահանջները, որոնք կարծում ենք բավականին մեծաթիվ են»,- նշել է Կիրակոսյանը։
Նրա խոսքով` գանգատի մեջ նաև քննարկվելու են միջազգային իրավունքի բոլոր խախտումները՝ ներառյալ միջազգային մարդասիրական իրավունքների խախտումները, որը Ադրբեջանը թույլ է տվել պատերազմի ընթացքում արգելված մեթոդներով ու միջոցներով պատերազմ վարելու եղանակով:
Հիշեցնենք, որ նոյեմբերի 9-ին Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը, Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը և Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը ստորագրել են հայտարարություն, որում 2020 թվականի նոյեմբերի 10-ին Մոսկվայի ժամանակով 00:00-ից Լեռնային Ղարաբաղի հակամարտության գոտում հայտարարվում է կրակի և բոլոր ռազմական գործողությունների լիակատար դադարեցում:
Ադրբեջանն ու Հայաստանը կանգ են առնում իրենց զբաղեցրած դիրքերում։ Լեռնային Ղարաբաղի շփման գծի երկայնքով և Լեռնային Ղարաբաղը Հայաստանի Հանրապետությանը կապող միջանցքի երկայնքով տեղակայված է Ռուսաստանի Դաշնության խաղաղապահ զորախումբը: