Վերջին 44-օրյա պատերազմում տարած պարտության պատճառներից մեկն էլ ԶՈւ-ի կազմի հաճախակի փոփոխություններն են եղել, որոնք վերջին տարիներին տեղի են ունեցել․ Հայաստանի պաշտպանության նախարարի, Գլխավորն շտաբի պետի, նաև Արցախի ՊԲ-ի հրամանատարի․․․
Մարդիկ լիարժեք չտիրապետելով իրականությանը և չունենալով համապատասդխան փորձ՝ պատերազմի ժամանակ ճիշտ եզրակացություններ չեն արել ռազմաքաղաքական իրադարձությունների մասին ու ճիշտ որոշումներ չեն ընդունել։ Սա վերաբերվում է նաև ԶՈւ ԳՇ պետին։
Այս մասին Ռոբերտ Քոչարյանի և մյուսների դատական նիստի ավարտին լրագրողներին ասաց ՊՆ նախկին ղեկավար Սեյրան Օհանյանը։
Կադրային քաղաքականության շրջանակներում ՊՆ-ում ու ՊԲ-ում ավանդույթներ են ձևավորվել, ըստ որոնց՝ պաշտոնից ազատելուց առաջ ճշգրիտ նշվում են դրանց պատճառները, անցկացվում է ծառայողական քննություն այնպիսի մարդու կողմից, որը գոնե մեկ աստիճանով բարձր է տվյալ պաշտոնը լքող անձից։
Այդ ամենն, ըստ Օհանյանի, չի իրականացվել ո՛չ ԳՇ պետի առաջին տեղակալի՝ Տիրան Խաչատրյանի, ո՛չ ԳՇ պետ Օնիկ Գասպարյանի դեպքում․․․
Օհանյանն ասաց, որ նրանք երկուսն էլ իշխանությունների կողմից ներկայացված են որպես հերոսներ, բայց առանց որևէ զրույցի, մեկ արտահայտության համար հեռացվել են։
«Սա մեկ մարդու կամայականությունների արդյունքում ձևավորված իրադրություն է»,-հայտարարեց Օհանյանը։
Իսկ կշահի՞, թե՞ կտուժի Հայոց բանակը ԳՇ պետի պաշտոնում Արտակ Դավթյանի նշանակումից՝ Օհանյանը չգիտի․ բանակը պետք է անցնի համապատասխան ընթացակարգեր՝ փորձառության առումով, հատկապես՝ զորային կառույցի ղեկավարման, զորամիավորման, բանակային կորպուսի ղեկավարման առումով։
«Ես գտնում եմ, որ գեներալ-գնդապետ Գասպարյանը փորձառու անձնավորություն է։ Նոր նշանակված ԳՇ պետը ազատվել էր պաշտոնից՝ նույն վարչապետի կողմից։ Ես կարծում եմ, որ բանակն այն կառույցն է, որը դժվար այս իրավիճակից արագ կարողանա դուրս գալ: Անհրաժեշտ է ստեղծել միջգերատեսչական հանձնաժողով, որը մեր ունեցած սահմանադրության համաձայն, պետք է գնահատի անվտանգության սպառնալիքները՝ կառուցելու համար հետագա զարգացումը»,- ասաց Օհանյանը։