«Փոխհրաձգությունը տեղի է ունեցել այն նույն դիրքի ուղղությամբ, որի վրա նախօրեին հարձակվել էր ադրբեջանական կողմը, ունենք մեկ վիրավոր, որին վիրահատել են, նորմալ է ամեն ինչ»,- այս մասին Կառավարության նիստից հետո լրագրողների հետ զրույցում նշել է Գեղարքունիքի մարզպետ Գնել Սանոսյանը՝ հավելելով, որ Վերին Շորժայի հատվածում են եղել փոխհրաձգությունները։
Նա նշեց, որ ՀՀ սահմանային այդ հատվածում խաղաղապահներ չեն տեղակայվել։ Անդրադառնալով ՀԱՊԿ մոնիթորինգային առաքելության տեղակայմանը՝ Սանոսյանը նշել է․ «Բանակցությունների ընթացքի մասին ես տեղեկություններ չունեմ, եղել են որոշակի դիտարկումներ, թե որտեղ կարող են տեղակայվել»։
Լրագրողների դիտարկմանը, թե նախօրեին իրենց չեն թողել մուտք գործել Կութ գյուղ նկարահանումներ իրականացնելու համար, Սանոսյանը նշել է, որ դա արվում է անվտանգության նկատառումներից ելնելով։
«Մեր բանակն ամուր կանգնած է, և սահմանային բնագծերի փոփոխություններ չեն եղել, հիմա նորից հրադադար է»,- հայտարարել է մարզպետը։