«Նախորդ օրը «Եռաբլուր» պանթեոնում պետական մի պաշտոնյա տպագիր գրությամբ (կցված է նկարում) իրեն պարգևատրած «ՀԱՅՐԵՆԻՔԻՆ ՄԱՏՈՒՑԱԾ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՀԱՄԱՐ I ԱՍՏԻՃԱՆԻ» շքանշանը թողել էր որդուս շիրմաքարին՝ ճիշտ համարելով նվիրել այն բոլոր անմահացած եղբայրներին»,- այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է 44-օրյա պատերազմի հերոս մասնակից Ալբերտ Հովհաննիսյանի հայրը՝ Արտակ Հովհաննիսյանը։
«Այս համատարած խավարում, տվյալ անձնավորության՝ խղճի առաջ ազնիվ գտնվելու ու միաժամանակ տղերքի արածը այսկերպ գնահատելու քայլը, կրկին արժևորեց մեր Հերոսների սխրանքը, քանզի նրանք ապրում են, քանի դեռ հիշում ենք ու գնահատում: Շնորհակալ ենք Ձեզ, ոչ թե հայրենիքի համար իրենց կյանքը նվիրաբերած հայորդիներին խոնարհվելու համար, քանզի դա յուրաքանչյուրիս պարտքն է, այլ նրա համար, որ ձեր այս քայլով ընդգծեցիք, որ պետական ծառայողների շարքում կան նաև Ձեզ պես սրտով ու խղճով առաջնորդվող ողջամիտ մարդիկ ու ամենակարևորը՝ բոցավառեցիք մեր ազգային արժանապատվությունը վերագտնելու, քնած վիճակից մի օր արթնանալու հույսը»,- նշել է Արտակ Հովհաննիսյանը։