Հայ-ադրբեջանական սահմանի վերջին սրացումների, ադրբեջանական կողմի սադրանքների և դրա հետ կապված միջազգային արձագանքների մասին Armenia Today-ը զրուցել է ռազմական փորձագետ Վան Համբարձումյանի հետ։
Լարելով իրավիճակը սահմանին՝ Ադրբեջանը փորձում է Հայաստանից զիջումներ կորզել, որոնց մասին նախկինում անգամ չէր էլ մտածում
«Ադրբեջանի ու Թուրքիայի համար կան բոլոր նպաստավոր պայմանները և նպատակները, որպեսզի վերջիններս սրեն սահմանային իրադրությունը»,- նշեց Համբարձումյանը՝ պատասխանելով հարցին, թե ի՞նչ նպատակներ է հետապնդում ադրբեջանական կողմից սահմանային իրավիճակի լարումը։
«Քանի որ Հայաստանը գտնվում է պարտված վիճակում, Ադրբեջանն ու Թուրքիան ձգտելու են մաքսիմալ օգտվել Հայաստանի այս դժվար վիճակից, որպեսզի պոկեն բաներ, որոնց մասին նախկինում անգամ չէին էլ մտածում։ Դրանց թվում առաջին հերթին սահմանների ամբողջ երկայնքով ամենաբարենպաստ պայմաններ ձեռք բերելն է, քանի որ արդեն տեսել են, որ հայկական կողմը համարժեք պատասխան չի տալիս, մաքսիմալ փորձում են առաջ գալ»,- նշեց Համբարձումյանը։
Ըստ փորձագետի՝ Ադրբեջանի համար երկրորդ կարևոր հարցն այն է, որ վերջինս վերահսկողություն ստանա Հայաստանի տարածքում ԽՍՀՄ շրջանում ունեցած անկլավների նկատմամբ․
«Փորձում են ԽՍՀՄ ժամանակահատվածի 3 անկլավները վերցնել, մեկը՝ Նախիջևանի Ինքնավար Հանրապետության ուղղությամբ, մյուս երկուսը՝ Տավուշի մարզում, ընդ որում՝ այդ անկլավներով անցնում են գերկարևոր միջպետական ճանապարհներ, ինչը հնարավորություն կտա և՛ այդ տարածքները վերցնել, և՛ միջպետական նշանակության ճանապարհները, ինչով Հայաստանի վրա լրացուցիչ ճնշումներ գործադրելու հնարավորություն կունենա»։
Ըստ փորձագետի՝ Ադրբեջանի Հանրապետության մյուս «գերերազանքը Զանգեզուրով միջանցք ստանալն է» է, որով ճանապարհ կստանա դեպի Նախիջևանի Ինքնավար Հանրապետություն։
«Այստեղ ադրբեջանական կողմը ոչ թե ճանապարհ է ուզում, այլ հենց միջանցք։ Այդ 35 կմ-անոց սահմանը գերկարևոր նշանակություն ունի Հայաստանի համար։ Հայկական կողմը չի ուզում տալ միջանցք, համաձայն է ճանապարհին, որով Ադրբեջանի Հանրապետությունը իրավունք կունենա միայն երթևեկել, իսկ միջանցքի դեպքում Հայաստանն իրավունք չի ունենալու մուտք գործել այդ տարածքներ, այսինքն՝ այդ հատվածը Հայաստանը կորցնելու է առհավետ»,- նշել Համբարձումյանը։
Ռազմական փորձագետն առանձնացրեց սահմանային լարվածության հրահրման թուրք-ադրբեջանական տանդեմի հիմնական նպատակները․
1․Հայաստանի ռազմաքաղաքական ղեկավարության վրա ճնշումներ գործադրել, որպեսզի ստիպեն մաքսիմալ զիջումների գնալ։
2․Հայաստանի ներսում ներքին խժդժություններ հրահրել։
3․Շոշափել ՀԱՊԿ-ի և ՌԴ-ի տրամադրությունները, ինչի արդյունքում կպլանավորեն իրենց հետագա գործողությունները։
Երբ Հայաստանը փորձում է արևմուտքի ուղղությամբ որոշակիորեն հարբերությունները ջերմացնել, ՌԴ-ն ուղղակի լռում է, իսկ Ադրբեջանն ակտիվանում է
Հարցին, թե ինչ միջոցներ պետք է ձեռնարկի Հայաստանի ռամաքաղաքական ղեկավարությունը՝ դիմակայելու թուրք-ադրբեջանական տանդեմի այս գործողություններին, Համբարձումյանը պատասխանեց․
«Հայաստանն ուժային միջոցներով ներկայումս չի կարողանալու դիմակայել Ադրբեջանին, որովհետև երկու երկրների ԶՈՒ բալանսը խախտված էր հօգուտ Ադրբեջանի՝ արդեն մինչև պատերազմը, իսկ պատերազմից հետո առավել ևս, երբ Հայաստանը կորցրել է իր սպառազինության գրեթե կեսը, ունի մարդկային, սպայական կազմի լրջագույն կորուստներ։ ՀՀ ԶՈՒ-ն մարտունակության զգալի կորուստ ունի, իսկ Ադրբեջանի դեպքում նրա թիկունքին են Թուրքիան, Պակիստանը, մի շարք այլ երկրներ։ Այս ասիմետրիկ իրավիճակին Հայաստանը պետք է տա ռեալ պատասխան։ Հայաստանը չի կարող և չպետք է մտնի այդ ուժային մրցավազքի մեջ, Հայաստանի պատասխանը ՌԴ-ի ու ՀԱՊԿ-ի հետ համագործակցությանն ապավինելն է»։
Ըստ ռազմական փորձագետի՝ այս ուղղությամբ Հայաստանի ձեռնարկած քայլերը պետք է ավելի ռեալ լինեն:
«Դու կարող ես ՀԱՊԿ-ին անընդհատ դիմել, սակայն այստեղ կան մի շարք խնդիրներ։ Եթե դու ուզում ես դիմել ՀԱՊԿ-ին և օգուտ ստանալ, պետք է քո հակառուսական գործողությունները վերանայես»,- նշեց փորձագետը՝ վկայակաչելով ՀՀ ղեկավարության կողմից հակառուսաական դիրքորոշմամբ աչքի ընկած մի շարք գործիչներին պետական բարձր պաշտոններում նշանակումը, ինչպես նաև ոչ պատշաճ վերաբերմունքը ռուս պաշտոնյաների նկատմամբ։
«Հայ-ռուսական հարաբերությունները պետք է վերականգնել, բայց ոչ բառերով։ Եթե 0,1 տոկոս հավանականությամբ ՆԱՏՕ-ի հետ համագործակցության հնարավորություն լիներ, դա ուրիշ բան, սակայն ռեալն այս պահին ՌԴ-ի հետ հարաբերությունները վերականգնելն է։ Հիմա ՌԴ-ն Հայաստանին չի վստահում, բացի դրանից՝ ՌԴ-ն ուզում է «պատժել» Հայաստանին, իսկ Հայաստանին «չպատժելու դեպքում» ՌԴ-ն հետագայում իր մյուս դաշնակիցների հետ է խնդիրներ ունենալու»,- բացատրեց Համբարձումյանը՝ հիշեցնելով նաև նախորդ տարի Տավուշյան սրացումների ժամանակ ՀԱՊԿ-ի անտարբերությունը։ Ըստ փորձագետի՝ ադրբեջանցիների ակտիվացումները լինում են հայ-ռուսական հարաբերություններում որոշակի լարվածությունների ֆոնին։
«Եթե ՀՀ պաշտոնյաներին հարցնենք, բոլորն ասելու են հայ-ռուսական հարաբերությունները հրաշալի մակարդակի վրա են, սակայն գործող վարչապետը ռուսական բանակի օրը՝ փետրվարի 23-ին, այդ երկրի համար սուրբ օրը, «Իսկանդերի» վերաբերյալ հակասական հայտարարություն է անում։ Այդ բոլոր հակառուսական քայելրը բերում են նրան, որ այսօր Ադրբեջանի Հանրապետությունը անում է այն, ինչ ուզում է։ Եթե իրոք հարաբերություններ մեջ փոփոխություններ մտցվեն, գուցե իրավիճակն այլ լինի, իսկ ՌԴ-ն ՀՀ-ին միշտ կարգի հրավիրելու տարբերակներ ունի՝ դա թուրք-ադրբեջանական լծակն է։ Երբ Հայաստանը փորձում է արևմուտքի ուղղությամբ որոշակիորեն հարբերությունները ջերմացնել, ՌԴ-ն ուղղակի լռում է, իսկ Ադրբեջանն ակտիվանում է»,-նշեց Համբարձումյանը՝ ընդգծելով, որ պատերազմն ու հետպատերազմյան այս իրադարձությունները մեկ շղթայի մասն են։ Նա վկայակոչեց ՀԱՊԿ նախկին ղեկավար Յուրի Խաչատուրովի նկատմամբ քրեական գործի հարուցումը, ինչը ցավալի ընդունվեց ՌԴ-ում, իսկ Ադրբեջանը Նախիջևանի հատվածում 11 հազար հա առաջ եկավ։
Անդրադառնալով սեպտեմբերի 16-ին ՀԱՊԿ-ի նախագահության ընդունումից հետո իրավիճակի հնարավոր փոփոխության վերաբերյալ տեսակետներին՝ ռազմական փորձագետը նշեց, որ դրա հետ կապված հետագա արդյունքները կախված կլինեն Հայաստանի իշխանություններից․
«Եթե հակառուսական տրամադրությունները փոխվեն, իրավիճակը ՀՀ սահմաններում կփոխվի, քանի որ ՌԴ-ն Թուրքիայի և Ադրբեջանի համար մշտապես զսպիչ օղակ է եղել»։
Հիշեցնենք, որ հուլիսի 14-ին հայ-ադրբեջանական սահմանի Երասխի հատվածում ադրբեջանական ԶՈւ ստորաբաժանումները սադրանքի էին դիմել՝ կրակ բացելու հայկական դիրքրերի ուղղությամբ, որի հետևանքով զոհվել է մեկ հայ զինծառայող։ Հայկական կողմն ադրբեջանական սադրանքի դադարեցնելուն միտված հակազդող գործողությունների է դիմել։
Երասխի հայկական դիրքերի ուղղությամբ ադրբեջանական կողմը ոտնձգությունների է դիմել նաև հուլիսի 16-ին և 17-ին։ Զուգահեռաբար հուլիսի 23-ին Ադրբեջանի զինված ուժերը կրակ են բացել հայ-ադրբեջանական սահմանի մեկ այլ տեղամասի՝ Գեղարքունիքի հատվածում տեղակայված հայկական դիրքերի ուղղությամբ։ Դրանց հետևանքով հայկական կողմից վիրավորում է ստացել 3 զինծառայող։