ԱԺ-ում փակ նիստում քննարկվել են մի շարք հարցեր։ Ներկայացրել եմ սահմանային իրավիճակը արևելյան, Երասխի ուղղությամբ ստեղծված մարտավարական օպերատիվ իրադրությունը։ Այս մասին ԱԺ-ում լրագրողների հետ ճեպազրույցում նշեց ՀՀ ԶՈՒ գլխավոր շտաբի պետի տեղակալ Էդվարդ Ասրյանը։
Նրա փոխանցմամբ՝ ստեղծված իրավիճակում ՀՀ ԶՈւ-ն կանգնած է իրենց դիրքերում, հակառակորդի սադրիչ գործողություններին տալիս են արժանի պատասխան։
«Հանրության շրջանում տարածված է, որ մենք ունենում ենք կորուստներ, իսկ հակառակորդն անկորուստ է։ Այս տեղեկությունն իրականությանը չի համապատասխանում։ Հակառակորդի կորուստները մարդկային են․ ինչպես անվերադարձ, այնպես էլ սանիտարական»,- փաստեց ԳՇ պետի տեղակալը։
Էդվարդ Ասրյանը վստահեցրեց, որ զինված ուժերը վերահսկում են մեր սահմանները՝ նշելով, որ առաջադրված խնդիրները կատարելու են պատվով։
«Ադրբեջանը փորձում է տարբեր միջոցներով մեզ ճնշել, բայց դա նրան չի հաջողվում։ Պատրաստ ենք հետ մղել Ալիևի կազմակերպած ցանկացած սադրիչ գործողություն»,- ասաց ԳՇ պաշտոնյան։
Հիշեցնենք, որ այսօր՝ ժամը 16:00-ին, սահմանին տիրող իրավիճակի շուրջ խորհրդարանում փակ քննարկում տեղի կունենա։ Այս մասին Armenia Today-ին ասաց ԱԺ «Հայաստան» խմբակցության ղեկավար Սեյրան Օհանյանը։
Նշենք, որ սահմանային իրավիճակի վերաբերյալ առաջարկը արել էր «Հայաստան» խմբակցության ղեկավար Սեյրան Օհանյանը:
Հիշեցնենք, որ «Հայաստան» խմբակցություն առաջարկել էր սահմանային իրավիճակի թեմայով քննարկում անցկացնել։ ՔՊ-ն էլ որոշեց չմերժել առաջարկը։
«Ելնելով սահմանային լարված իրավիճակից՝ «Հայաստան խմբակցությունն առաջարկում է փակ կամ բաց ֆորմատով քննարկում կազմակերպել: Սահմանային իրավիճակի վերաբերյալ իրարամերժ տեղեկություններ են գալիս, եկեք քննարկում կազմակերպենք, հասկանանք իրավիճակը, փարատենք հասարակության մտահոգությունները»,- ասել էր «Հայաստան» խմբակցության ղեկավար Սեյրան Օհանյանը:
Հիշեցնենք նաև, որ վերջին օրերին հայ-ադրբեջանական սահմանին լարվածությունն աճել է, հայկական կողմն ունի զոհ և վիրավոր։