Ինչպես արդեն տեղեկացրել էինք, սեպտեմբերի 13-ին՝ ժամը 22:00-ի սահմաններում, ՀՀ հարավարևելյան ուղղությամբ տեղակայված մարտական հենակետերից մեկում նախնական տվյալներով` մարտական ծառայության կազմակերպման կանոնների խախտման հետևանքով մահացու հրազենային վիրավորում է ստացել պահեստազորի սերժանտ, 1978թ. ծնված Մկրտիչ Սերյոժայի Հովակիմյանը: Այս մասին հայտնել էր ՀՀ ՊՆ-ն։
SHAMSHYAN.com-ը հայտնել է, որ երեկ՝ սեպտեմբերի 13-ին՝ ժամը 22։00-ի սահմաններում, ՀՀ պաշտպանության նախարարությունում տեղեկություններ են ստացվել, որ ՀՀ հարավարևելյան ուղղությամբ տեղակայված մարտական հենակետերից Կապանի «պոստերից» մեկում հնչել են կրակոցներ։
Դեպքի վայր ժամանած տեղի ռազմական ոստիկանության ծառայողները պարզել են, որ կրակոցների հետևանքով 1 պահեստազորային մահացել է, 1 հոգի էլ հրազենային վնասվածքներ է ստացել։ Ինչպես հայտնում է աղբյուրը, մահացածը Երևանի բնակիչ՝ 43-ամյա Մկրտիչ Հ-ն է, իսկ վիրավորը՝ Երևանի բնակիչ՝ 36-ամյա Լևոն Ս-ն։ Փաստի առթիվ Հայաստանի քննչական կոմիտեի զինվորական քննչական գլխավոր վարչության 9-րդ կայազորային քննչական վարչությունում հարուցվել է քրեական գործ։ Աղբյուրի տեղեկություններով՝ ռազմական ոստիկանության և կայազորի քննչական վարչության քննիչները արդեն պարզել են դեպքի որոշ հանգամանքներ, և կա կասկածյալ, որի արձակած կրակոցների հետևանքով 1 հոգի մահացել է, 1 հոգի էլ հրազենային վիրավորում է ստացել։