Տիգրան Արսենի Համբարձումյանը ծնվել է 2001 թվականի սեպտեմբերի 20-ին Երևանում։ Նախնական կրթությունը ստացել է Ա. Հովհաննիսյանի անվան թիվ 194 հիմնական դպրոցում, այնուհետև՝ Գրիգոր Զոհրապի անվան թիվ 43 դպրոցում։ Զբաղվել է սպորտով, հաճախել է լողի, կարատեի և բոքսի։ Մինչև բանակ զորակոչվելը ընդունվել է ՀՊՏՀ՝ կառավարման բաժին։
Տիգրանը երկու ամսվա ծառայող էր, երբ սկսվեց պատերազմը. ծառայության էր մեկնել 2020 թվականի հուլիսի 21-ին։ Միշտ ասել է՝ կտեսնեք՝ Ջրական եմ (Ջեբրայիլ) գնալու, ու հենց այդպես էլ եղել է։
Տիգրանի քույրը՝ Էլենը, պատմում է, որ իր եղբայրը եղել է իսկական առաջնորդ, լուսավոր, հոգատար, համարձակ.
-Տիգրանը միշտ ժպտում էր։ Նրա ընկերներից մեկը պատերազմի ավարտից հետո մի տեսանյութ էր ուղարկել, որտեղ ռազմական գործողություններ էին ընթանում, բայց Տիկոն այդպիսի պայմաններում էլ էր շարունակում ժպտալ։ Բացի այդ նա շատ խիզախ էր, ու ես միշտ ապահով էի զգում, երբ նրա կողքին էի։ Տիգրանը օգնության էր հասնում ոչ միայն իր հարազատներին, այլև բոլորին։ Թեկուզ թաղամասում մի ծեր կնոջ տեսներ, անպայման կմոտենար ու կօգներ։ Դեռ փոքր տարիքից էր շատ հոգատար ու շատ ընկերասեր։ Ամեն ինչի պատրաստ էր հանուն իր ընկերների։ Պատերազմի ժամանակ էլ, երբ զանգում էր իր հայրիկին, անպայման հարցնում էր ընկերներից։
Սեպտեմբերի 20-ին՝ Տիգրանի ծննդյան օրը, նրա ընտանիքի անդամները գնացել էին Ջրական։ Անակնկալ էին արել։ Տիգրանը ամուր գրկել էր բոլորին ու ասել, որ հաջորդ անգամ ինքն է գալու։ Բայց դա իրենց վերջին հանդիպումն էր։
-Երբ պատերազմը սկսվել էր, Տիգրանն ամեն օր զանգահարում էր։ Ասում էր՝ դուք հանգի՛ստ եղեք, ես նորակոչիկ եմ, ինձ չեն տանում, մենք բունկերում ենք: Բայց ինչպես հետո ենք իմացել, նա սեպտեմբերի 27-ից եղել է ամենաթեժ կետերում։ Մասնակցել է Ջրականի ու Հադրութի մարտերին։
Ծառայակից ընկերները պատմում են, որ 4 հոգով պայքարել են հակառակորդի մոտ 80 հոգանոց զորքի դեմ։ Այդ 4-ով պաշտպանել են իրենց ընկերներին, ովքեր կարողացել են դուրս գալ շրջափակումից, իսկ իրենց դուրս գալ չի հաջողվել։ Դրանից հետո թեժ մարտեր են մղել հակառակորդի դեմ, որի ընթացքում էլ՝ հոկտեմբերի 10-ին, ականանետային հարվածից Տիգրան Արսենի Համբարձումյանը անմահացել է: 72 օր անց միայն կարողացել են գտնել Տիգրանին՝ զենքը կողքին։
Բանակ գնալուց առաջ ընկերների հետ վերանորոգել էին բակի տաղավարը։ Այդ նույն վայրում 2021 թվականի սեպտեմբերի 20-ին՝ Տիգրանի ծննդյան օրը, տեղի ունեցավ նրան նվիրված հուշաքարի բացումը։ Բակում տեղադրվել է նաև խաչքար, որը նվեր է ընկերների կողմից։ Հետագայում այդ տարածքում կլինի պուրակ և թանգարան՝ Տիգրանի իրերով։
«Հանուն հայ զինվորի» ՀԿ-ն և Banak.info-ի խմբագրությունը ցավակցում են ընտանիքի անդամներին և կիսում կորստյան ծանր վիշտը։
Banak.info