Մոտ ժամանակներս 44-օրյա պատերազմի հանգամանքներն ուսումնասիրող քննիչ հանձնաժողովը կձևավորվի: Այս մասին «Հանրային» հ/ը-ի հետ զրույցում նշել է ԱԺ Պաշտպանության և անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Անդրանիկ Քոչարյանը։
«Այս առումով բավական մեծ ու լավ խորհրդատվական թիմ է աշխատում: Աշխատանքն այնպես ենք կազմակերպելու, որ չստացվի, թե մարդկանց ենք հրավիրելու, ձայնագրենք և ասենք՝ ավարտվեց աշխատանքը: Ինչպես Ապրիլյանի մասով մենք անցանք այդ ծանր փուլը, հիմա առավել ևս այդ փորձագիտական թիմը պետք է լինի տասնապատիկ մեծ ու ներառական:
Մեզ համար շատ կարևոր է քննիչ հանձնաժողովի լեգիտիմության աստիճանի բարձրացումը, եթե մենք գտնենք իրավական լուծումներ: Պետք է հասկանանք արտախորհրդարանական ուժերի մասնակցության հետ կապված իրավական խոչընդոտը որքանով է հաղթահարելի կամ հաղթահարելի չէ, այդ հարցերի պատասխանը գտնելուց հետո կամբողջացնենք աշխատանքի սկսման մեկնարկը»,-նշել է Քոչարյանը։
Քննիչ հանձնաժողովի աշխատանքաներին կմասնակցեն նաև Դավիթ Սանասարյանը, Սամվել Բաբայանը և Նորայր Նորիկյանը: Թե ինչ ներգրավվածություն է լինելու, այդ մասին կքննարկեն առաջիկայում ԱԺ համապատասխան հանձնաժողովում: