Ռուսաստանի պաշտպանության նախարարությունը միջնորդություն է ներկայացրել Հայաստանի բանակի 5 զինծառայողների ադրբեջանական գերությունից ազատելու համար: Այս մասին երեքշաբթի հայտնել են ռուսական ռազմական գերատեսչությունից, փոխանցում է ТАСС-ը։
«Այսօր՝ հոկտեմբերի 19 – ին, ռուսական կողմի միջնորդությամբ Ադրբեջանի իշխանություններն ազատ են արձակել հինգ հայ գերիների, որոնք Երևան են տեղափոխվել Ռուսաստանի օդատիեզերական ուժերի ինքնաթիռով», – ասված է հաղորդագրության մեջ:
ՌԴ ՊՆ-ի տեղեկատվության համաձայն՝ գերիներին վերադարձնելու շուրջ բանակցություններն անցկացվել են Հարավային ռազմական օկրուգի զորքերի հրամանատարի տեղակալ գեներալ-լեյտենանտ Ռուստամ Մուրադովի և Լեռնային Ղարաբաղում ռուսական խաղաղապահ զորակազմի հրամանատար գեներալ-լեյտենանտ Գենադի Անաշկինի կողմից:
«Ռուսական կողմը կշարունակի աշխատանքը Զինված հակամարտության դադարեցման մասին եռակողմ համաձայնագրի դրույթների կատարումն ապահովելու ուղղությամբ», – ընդգծել են Պաշտպանության նախարարությունում:
Նշենք, որ ըստ Արցախի ՆԳՆ ԱԻՊԾ-ի խոսնակ Հունան Թադևոսյանի՝ այսօր վերադարձած հայ զինծառայողներն են 1.Ամբարդանյան Մելս Կարապետի
2.Կարապետյան Ռաֆիկ Ռոբերտի
3.Մանուկյան Ժորա Վանոյի
4.Սողոմոնյան Սեդրակ Սամվելի
5.Մանուկյան Հովսեփ Ռոբերտի: