ՄԻՊ Արման Թաթոյանն արձագանքում է Պաշտպանության նախարարի հայտարարությանը ՝ հայտարարելով․
«1. Զարմացած եմ, որ Պաշտպանության նախարարը միակողմանի ու աղավաղված մեջբերումով հրապարակել է ինձ հետ իր իսկ նախաձեռնած հեռախոսազրույցի փաստը:
2. ՀՀ մարդու իրավունքների պաշտպանի դիրքորոշումները նույնն են և մազաչափ անգամ չեն փոխվել:
3. Թեման համարում եմ փակված», – ասված է ՄԻՊ-ի Facebook-ի էջում տեղադրված հայտարարության մեջ:
Ավելի վաղ ՀՀ պաշտպանության նախարարությունը Մարդու իրավունքների պաշտպանի գրասենյակին կոչ էր արել զերծ մնալ չստուգված տեղեկատվության տարածումից:
«Հարկ է նաև նշել, որ այսօր հեռախոսազրույցում Մարդու իրավունքների պաշտպանը, պատասխանելով պաշտպանության նախարարի այն հարցին, թե Հայաստանի Հանրապետության որ տարածքում են ընթանում իր լուսանկարներում պատկերված աշխատանքները, ասել է, որ այդ աշխատանքները հիմնականում իրականացվում են ոչ թե Հայաստանի տարածքում, այլ հարակից տարածքներում», – մասնավորապես ասված էր գերատեսչության հայտարարության մեջ:
Հիշեցնենք, որ հոկտեմբերի 18-ին Մարդու իրավունքների պաշտպան Արման Թաթոյանը Facebook-ի իր էջում հայտնել էր, որ Գեղարքունիքի տարածք ներխուժած ադրբեջանական զինված ուժերը այս տարվա մայիսին մեծ թաքստոցներ են կառուցել, ձմռանը մեծ քանակությամբ վառելափայտ են պահեստավորել եւ ասֆալտապատել իրենց դիրքերին տանող ճանապարհները: