ԱԺ պաշտպանության և անվտանգության ու ֆինանսավարկային և բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովների համատեղ նիստում ԱԺ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Արմեն Խաչատրյանն ասաց, որ Գորիս-Որոտան հատվածում կան հենակետեր, սահմանապահ զորքերի ուղեկալներ։ Ըստ նրա, սակայն, այնտեղ տնակների և կացարանների հարցը լուծված չէ։
«Մեր սահմանապահներն այնքան էլ ապահովված չեն տնակներով ու կացարաններով։ Ի՞նչ է արվել այս ուղղությամբ և ե՞րբ արդյունքները տեսանելի կլինեն»,- դիմելով ԱԱԾ տնօրենի տեղակալ Արամ Հակոբյանին՝ հարց բարձրացրեց իշխանական պատգամավորը։
ԱԱԾ տնօրենի տեղեկալն էլ պատասխանեց, որ մինչև նոյեմբերի վերջ կվերջացնեն սահմանապահների համար նախատեսված բոլոր տնակների տեղադրման հարցը։
«Այս պահին 99 տոկոսով կատարված է, տնակներում են մեր զինծառայողները։ Մենք մեկ հատ անցած շաբաթ ենք տեղադրել Որոտանի ճանապարհի վրա։ Վերջերս եմ վերադարձել Սյունիքից, բոլոր տեղանքներով անցել եմ։ Մեր զինծառայողները, ճիշտ է, եղանակային պայմանների հետ կապված, շատ դժվարին պայմաններում են ծառայում, բայց բավականին ապահովված են սննդով և հանդերձանքով»,- մանրամասնեց Հակոբյանը։