Նոյեմբերի 17-ին իրավական ակտերի նախագծերի հրապարակման միասնական կայքում Պաշտպանության նախարարությունը նախագիծ է ներկայացրել։
Նախագծից տեղեկանում ենք, որ 2021 թվականի նոյեմբերի 18-ից մինչև դեկտեմբերի 18-ը նախատեսված է անցկացնել պահեստազորայինների վարժական հավաքներ։
Հանրային քննարկման ներկայացված նախագծում սահմանվում է հայտարարել պահեստազորի առաջին խմբի առաջին կարգում հաշվառված շարքային, ենթասպայական և սպայական կազմերի պահեստազորայինների վարժական հավաքներ` մեկ ամիս ժամկետով` 2021 թվականի նոյեմբերի 18-ից մինչև դեկտեմբերի 18-ը:
«Սահմանել, որ վարժական հավաքները հայտարարվում են պահեստազորայինների ռազմական ունակությունների կատարելագործման և վերապատրաստման, նրանց հետ կնքված պայմանագրի համաձայն, ըստ անհրաժեշտության, մարտական հերթապահության ներգրավման նպատակով: Վարժական հավաքներին ներգրավել ընդհանուր մինչև 202 քաղաքացու, որոնցից 161-ը` շարքային կազմի, 28-ը` ենթասպայական կազմի, 13-ը` սպայական կազմի պահեստազորայիններ»,- նշված է նախագծում։
Նախագծում մատնանշվում է, որ ՀՀ առողջապահության նախարարը պետք է ապահովի վարժական հավաքներին ներգրավվող պահեստազորայինների բուժհետազոտումը՝ ըստ ՀՀ ՊՆ զորակոչային և զորահավքային համալրման ծառայության տարածքային ստորաբաժանումների: Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարարը իրավունք կունենա վարժական հավաքներ անցկացնելու ժամկետում անհրաժեշտությունը վերանալու դեպքում վարժական հավաքներին ներգրավված քաղաքացիներին ժամկետից շուտ արձակել պահեստազոր: