Նոյեմբերի 15-ին Ճամբարակ համայնքում տեղակայված զորամասի պայմանագրային զինծառայող, շարքային` Գևորգ Ավետյանի՝ մարտական դիրքում ըստ նախնական տվյալների արթուն հերթափոխի ժամանակ իրեն ամրակցված «ԱԿ-74» տեսակի ինքնաձիգիցից արձակված կրակոցների հետևանքով որովայնի շրջանում ստացած վիրավորումներից մահվան դեպքի առթիվ ՀՀ ՔԿ ԶՔԳՎ հինգերորդ կայազորային քննչական բաժնում նույն օրը հարուցվել է քրեական գործ։ Այս մասին հայտնել է գլխավոր դատախազի խորհրդական Գոռ Աբրահամյանը։
Քրեական օրենսգրքի 365-րդ հոդվածի 3-րդ մասով հարուցված գործի նյութերով հաջորդ օրը՝ նոյեմբերի 16-ին, հարուցվել է ևս մեկ քրեական գործ՝ ՀՀ քրեական օրենսգրքի 360․1-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին և 3-րդ կետերով, 359-րդ հոդվածի 2-րդ մասի 2-րդ մասով նախատեսված հանցագործությունների հատկանիշներով: Նշված քրեական գործերը միացվել են մեկ վարույթում:
Նոյեմբերի 16-ին հիշյալ հանացագործությունները կատարելու կասկածանքով ձերբակալվել են Գ. Ավետյանի երկու ծառայակիցները:
Կատարված նախաքննության արդյունքում նոյեմբերի 19-ին նրանցից մեկին՝ պայմանագրային զինծառայող, շարքային Ա. Ս.-ին ՀՀ քրեական օրենսգրքի 360․1-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին և 3-րդ կետերով, 359-րդ հոդվածի 2-րդ մասի 2-րդ կետով մեղարդանք է առաջադրվել մարտական հերթապահություն կրելու ընթացքում, նույն գումարտակի պայմանագրային զինծառայող, շարքային Գ. Ավետյանի նկատմամբ դաժան վերաբերմունք դրսևորելու, նրա անձնական պատիվն ու արժանապատվությունը պարբերաբար նվաստացնելու, բռնություն գործադրելու միջոցով վերջինիս ինքնասպանության հասցնելու, զինծառայողների փոխհարաբերությունների կանոնագրքային կանոնները խախտելու, նույն զորամասի պայմանագրային զինծառայողի ծեծի ենթարկելու, ֆիզիկական ցավ պատճառելու համար:
Իսկ մյուսին՝ պայմանագրային զինծառայող, շարքային Ա. Ա.-ին նույն օրը՝ նոյեմբերի 19-ին, մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 359-րդ հոդվածի 2-րդ մասի 2-րդ կետով՝ ՀՀ ԶՈՒ ներքին ծառայության կանոնագրքի 13-րդ և 16-րդ հոդվածներով նախատեսված զինծառայողների փոխհարաբերությունների կանոնագրքային կանոնները խախտելու՝ մարտական հենակետում նույն զորամասի պայմանագրային զինծառայողի ծեծի ենթարկելու, ֆիզիկական ցավ պատճառելու համար։
Նույն օրն իսկ միջնորդություն է ներկայացվել ՀՀ Գեղարքունիքի մարզի ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարան՝ 2 մեղադրյալների նկատմամբ կալանավորումը որպես խափանման միջոց կիրառելու վերաբերյալ, որը նույն օրը բավարարվել է և նրանք կալանավորվել են:
Արդեն նոյեմբերի 17-ին և 18-ին վարույթն իրականացնող մարմնի որոշմամբ նշանակվել են փորձաքննություններ, հարցաքննվել է մարտական հենակետի ողջ անձնակազմը, որոշում է կայացվել օպերատիվ-հետախուզական միջոցառումներ անցկացնելու մասին և այլն: