Ն.Ս. Օ. Տ. Տ. Արամ Ա կաթողիկոսն ընդունել է ՀՀ ԶՈՒ խաղաղապահ բրիգադի հրամանատար, գեներալ-մայոր Արտակ Տոնոյանի, ինչպես նաև Լիբանանում ՀՀ դեսպանության ռազմական կցորդ, գնդապետ Ալեքսան Մուշեղյանի գլխավորած պատվիրակությանը:
Ինչպես տեղեկացնում է Վեհափառ Հայրապետի Facebook-յան էջը, Արամ Ա-ն իր զորակցությունն է հայտնել հայոց բանակին՝ ընդգծելով, որ այն հայ ժողովրդի ուժի և միասնության, ինքնիշխանության, տարածքային ամբողջականության և անվտանգության երաշխավորն է: Նա նաև ընդգծել է հայկական բանակին աջակցելու անհրաժեշտությունը:
Հաղորդագրության մեջ նշվում է, որ հայկական պատվիրակությունը կարճ այցով գտնվում էր Լիբանանում՝ հանդիպելու Լիբանանում ՄԱԿ-ի առաքելության կազմում գործող հայկական խաղաղապահ զորախմբի զինծառայողների հետ: