Ըստ Ազգային ժողովի «Պատիվ ունեմ» խմբակցության պատգամավոր Տիգրան Աբրահամյանի` գլխավոր խնդիրը, որը կա պետական բյուջեի ռազմական բլոկում այն է, որ հետպատերազմյան ժամանակահատվածում հռչակված Զինված ուժերի բարեփոխումների ծրագիրն առ այս պահը դեռ չի հաստատվել: Այս մասին ԱԺ-ում ասաց «Պատիվ ունեմ» խմբակցության պատգամավոր Տիգրան Աբրահամյանը։
Նա նկատեց, որ այն նույնիսկ քննարկում չի անցել Պաշտպանության և անվտանգության հարցերի հանձնաժողովում։
Ընդդիմադիր պատգամավորի դիտարկմամբ՝ պատերազմից հետո սպառազինությունների՝ ռազմական տեխնիկայի, զինամթերքի, ավտոմոբիլային պարկի կորուստ կա, և բյուջեով որևէ կետով արտացոլում չունի կորուստների վերականգնումը, մարտունակության բարձրացման, անվտանգության աստիճանի բարձրացման հետ կապված ստեղծված խնդիրները:
«Մեկ տարի է՝ խոսում ենք Զինված ուժերի բարեփոխումների մասին, բայց մինչև այդժ այդ բարեփոխումները ոչ միայն առարկայական քննարկումներ չեն ստացել, որևէ ձևով այդ հայեցակարգն ընդունված չէ, բայց մենք քննարկում կամ հաստատում ենք ռազմական բյուջե: Մենք չենք էլ ձևակերպել, թե ո՞ւր ենք գնում, ի՞նչ ճանապարհով ենք գնում: Կա՞ որևէ մեկը, որը գիտի, թե մենք ինչ մոդելի ԶՈՒ ենք կառուցում, համակարգն ինչպիսի փոփոխությունների ենք ենթարկում և, ըստ այդմ, որ ուղղությամբ ենք շարժվելու»,- հարց բարձրացրեց Աբրահամյանը: