ՀՀ պաշտպանության նախարարությունը պահեստազորի առաջին խմբում հաշվառված շարքային, կրտսեր ենթասպայական և սպայական կազմերի պահեստազորայինների վարժական հավաքներ է հայտարարում: Նախագիծը հրապարակվել է Իրավական ակտերի նախագծերի հրապարակման միասնական e-draft.am կայքում։
Հավաքաները տեղի կունենան երեք ամիս ժամկետով` 2022 թվականի հունվարի 15-ից մինչև ապրիլի 15-ը:
«Վարժական հավաքներին ներգրավել մինչև 65 քաղաքացու, որոնցից 20-ը` բժշկական մասնագիտություններ ունեցող սպայական և 45-ը՝ ինժեներական մասնագիտություններ ունեցող շարքային և կրտսեր ենթասպայական կազմերի պահեստազորայիններ:
Վարժական հավաքների ապահովման համար, երեք ամիս ժամկետով, 2022 թվականի հունվարի 15-ից մինչև ապրիլի 15-ը, ռազմատրանսպորտային պարտականություններ ունեցող մարմիններից ներգրավել մինչև 45 միավոր տրանսպորտային միջոց՝ համաձայն հավելվածի:
Սահմանել, որ վարժական հավաքների անցկացման ժամանակահատվածում ներգրավված համապատասխան տրանսպորտային միջոցը ռազմատրանսպորտային պարտականություն ունեցող մարմնի կողմից կարող է փոխարինվել նույն տեսակի այլ տրանսպորտային միջոցով՝ համաձայնեցնելով տրանսպորտային միջոցը ներգրաված մարմնի հետ»,- նշված է նախագծի մեջ:
Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից: