ՀՀ քննչական կոմիտեի զինվորական քննչական գլխավոր վարչության ութերորդ կայազորային քննչական բաժնում քննվող քրեական գործով պարզվել են ժամկետային զինծառայող, շարքային Մովսես Թադևոսյանի մահվան հանգամանքները: Այս մասին հայտնում է Քննչական կոմիտեն։
Նախնական տեղեկություններով` 2021թ. դեկտեմբերի 31-ին` ժամը 10:50-ի սահմաններում, մարտական դիրքում աջ հոնքի հատվածում հրազենային վիրավորում է ստացել շարքային Մովսես Արամայիսի Թադևոսյանը, ով հիվանդանոց տեղափոխվելու ճանապարհին մահացել է:
Նախաքննությամբ պարզվել է, որ Մ.Թադևոսյանին մահացու հրազենային վիրավորում է հասցրել համածառայակիցը: Վերջինիս մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 104-րդ հոդվածի 1-ին մասով և նրա նկատմամբ որպես խափանման միջոց է կիրառվել կալանավորումը: Կատարվում է նախաքննություն:
Հիշեցնենք, որ 2021թ. դեկտեմբերի 31-ին՝ ժամը 10։50-ի սահմաններում, Վայոց ձորի մարզում տեղակայված ՀՀ ՊՆ N զորամասի մարտական հենակետերից մեկում հայտնաբերվել է նույն զորամասի ժամկետային զինծառայող, շարքային Մովսես Արամայիսի Թադևոսյանը (ծնվ. 2003թ.)՝ գլխի մասում հրազենային վիրավորումով։