Հունվարի 13-ին սկսվում է ՀԱՊԿ խաղաղապահ զորակազմի կազմակերպված դուրսբերումը։
РИА Новости-ի հաղորդմամբ՝ այս մասին Ալմաթիում օպերատիվ շտաբի նիստում հայտարարել է Ղազախստանի նախագահ Կասիմ-Ժոմարտ Տոկաևը։
«Ես բանակցություններ եմ ունեցել համապատասխան պետությունների ղեկավարների հետ։ Օգտվելով հնարավորությունից՝ ես կցանկանայի երախտագիտություն հայտնել զորակազմի հրամանատարությանն այս մի քանի օրերի ընթացքում կատարած աշխատանքի համար»,- ասել է Ղազախստանի նախագահը։
Տոկաևը ՀԱՊԿ-ի խաղաղապահ առաքելությունը Ղազախստանում «շատ հաջող» է անվանել:
Ղազախստանում զանգվածային բողոքի ակցիաները սկսվել են 2022 թվականի առաջին օրերին. երկրի արևմուտքում Ժանաոզեն և Ակտաու քաղաքների բնակիչները դուրս են եկել փողոց՝ բողոքելով հեղուկ գազի գների կրկնակի աճի դեմ: Այնուհետև բողոքի ակցիաները տարածվել են այլ քաղաքների վրա, այդ թվում՝ Ալմաթիի, հանրապետության խոշոր այլ քաղաքներում։ Ի պատասխան՝ իշխանությունները երկրում արտակարգ դրություն են սահմանել մինչև հունվարի 19-ը և հակաահաբեկչական գործողություն են սկսել ։ ՄԱԿ-ի տվյալներով՝ Ղազախստանում բողոքի ակցիաների ընթացքում մոտ 1000 մարդ է վիրավորվել։ Հանրապետության ՆԳՆ-ի ճշտված տվյալներով՝ զոհվել են 17 ուժայիններ։