Կառավարությունը հավանություն տվեց «Զինվորական ծառայության և զինծառայողի կարգավիճակի մասին» օրենքում փոփոխություն կատարելու մասին» առաջարկությանը: Նախագիծը ներկայացրել է ԱԺ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Հայկ Սարգսյանը։
Գործող օրենքի կարգավորումներով զինվորական ծառայությունից ազատվելու պարտադիր պայման է հանդիսանում նաև ընտանիքում միակ արու զավակ լինելը:
«Ունենք հայ-ադրբեջանական 44-օրյա պատերազմի հետևանքով զոհված զինծառայողների կրտսեր եղբայրներ, ովքեր ենթակա են պարտադիր զինվորական ծառայության, քանի որ ընտանիքի միակ արու զավակը չեն: Նրանցից շատերի ծնողները գտնվում են ծանր հոգեբանական և սոցիալական վիճակում, չեն ցանկանում իրենց կրտսեր որդուն ևս ուղարկել զինվորական ծառայության: Ունենալով մեծ հարգանք իրենց կյանքը հանուն հայրենիքի զոհաբերած մեր հայրենակիցների ընտանիքի անդամների նկատմամբ՝ պետք է նաև պարտադիր զինվորական ծառայությունից ազատվելու հնարավորություն տանք այդ ընտանիքների մյուս անդամներին, որի արդյունքում զոհված զինծառայողների ընտանիքներն ավելի հեշտ կհաղթահարեն հոգեբանական և իրենց առջև ծառացած սոցիալական խնդիրները»,- նշված է նախագծում։