Ադրբեջանի պաշտպանության նախարարությունը շարունակում է ապատեղեկատվություն տարածել հայ-ադրբեջանական սահմանի այս կամ այն հատվածում ՀՀ զինված ուժերի կողմից ադրբեջանական ստորաբաժանումների մարտական դիրքերի ուղղությամբ կրակ բացելու վերաբերյալ։ Այս մասին հայտնում են ՀՀ ՊՆ մամուլի ծառայությունից:
«Մասնավորապես, մարտի 8-ին Ադրբեջանի պաշտպանական գերատեսչությունը հաղորդագրություն է տարածել, թե նույն օրը, առավոտյան, ՀՀ ԶՈՒ ստորաբաժանումները կրակ են բացել հայ-ադրբեջանական սահմանի արևմտյան հատվածում տեղակայված ադրբեջանական մարտական դիրքերի ուղղությամբ։ Այս տեղեկությունը նույնպես չի համապատասխանում իրականությանը։
Մարտի 7-ին, սահմանի նույն ուղղությամբ ադրբեջանական կողմի իրականացրած սադրանքից հետո իրադրությունը հայ-ադրբեջանական սահմանին հարաբերականորեն կայուն է և գտնվում է ՀՀ ԶՈՒ լիարժեք վերահսկողության ներքո»,-ասված է հաղորդագրության մեջ:
Հիշեցնենք, որ երեկ Ադրբեջանի ԶՈւ ստորաբաժանումները նշանառու կրակ էին բացել հայ-ադրբեջանական սահմանի արևմտյան հատվածում տեղակայված հայկական մարտական դիրքերի ուղղությամբ, ինչի հետևանքով հրազենային վիրավորում է ստացել ՀՀ ԶՈւ երկու զինծառայող։ ՀՀ ՊՆ N զորամասի պայմանագրային զինծառայող, սերժանտ Հրաչ Արամի Մանասարյանը, հիվանդանոց տեղափոխվելու ճանապարհին մահացել է։