ԱՊՀ-ի երկրները ՀՕՊ-ի միացյալ համակարգը հարմարեցնում են ԱՊՀ-ի օդատիեզերական պաշտպանության խնդիրներին: Այս մասին հայտարարել է ԱՊՀ-ի երկրների պաշտպանության նախարարների խորհրդին առընթեր ՀՕՊ-ի հարցերով Համակարգող կոմիտեի նախագահի տեղակալ, գեներալ-գնդապետ Յուրի Գրեխովը, հաղորդում է ТАСС-ը։
«Ադապտացման հիմնական ուղղությունների համար աշխատանքներ են տարվում համագործակցության նորմատիվ-իրավական բազայի կատարելագործման, ՀՕՊ միասնական (Միացյալ) տարածաշրջանային համակարգերի ստեղծման ուղղությամբ, իրականացվում է Հավաքական անվտանգության տարածաշրջաններում ՀՕՊ միասնական (Միացյալ) համակարգերի ստեղծման մասին համաձայնագրերի գործնական իրականացումը, ռազմատեխնիկական համագործակցությունը, օպերատիվ և մարտական պատրաստության համատեղ միջոցառումների անցկացումը»,- ասել է նա:
Ըստ Գրեխովի՝ «ընթանում է ԱՊՀ երկրների օդատիեզերական պաշտպանության ստեղծման իրավական, կազմակերպչական, ռազմատեխնիկական և այլ հարցերի գիտական մշակումը»:
ԱՊՀ-ի ՀՕՊ-ի միացյալ համակարգը ստեղծվել է Համագործակցության 10 երկրների համաձայնագրի հիման վրա, որը ստորագրվել է 1995 թվականի փետրվարի 10-ին Ալմաթիում: Համաձայնագրի գործողության ժամկետն անսահմանափակ է, այն բաց է այլ երկրների միանալու համար։ Դրա մեջ մտնում են Ռուսաստանը, Հայաստանը, Բելառուսը, Ղազախստանը, Ղրղզստանը, Տաջիկստանը և Ուզբեկստանը: