Hurjet թեթև գրոհայինը, որը մշակում է Թուրքիան, տակտիկական-տեխնիկական բնութագրերով կգերազանցի հինգերորդ սերնդի ամերիկյան F-35 կործանիչը։ Նման պնդմամբ հանդես է եկել Թուրքիայի պաշտպանական արդյունաբերության վարչության ղեկավար Իսմայիլ Դեմիրը։
«Մեր թեթև Hurjet գրոհայինը հաջորդ տարի առաջին թռիչքը կկատարի։ Մեր կործանիչ ունի ավելի կատարյալ հատկանիշներ, քան F-35-ը։ Օդանավը անգարից դուրս կբերվի հաջորդ տարվա մարտի 18-ին», – նրա խոսքը մեջբերում է Star թերթը։ Դրա հետ մեկտեղ Դեմիրը չի պարզաբանել, թե հատկապես ինչ հատկանիշներով պետք է թուրքական գրոհիչը գերազանցի հինգերորդ սերնդի ամերիկյան կործանիչ-ռմբակոծիչը:
Hurjet-ը թուրքական Hurkus ուսումնական ինքնաթիռի ռեակտիվ տարբերակն է։ Այն 2017 թվականից մշակում է թուրքական Tai (Turkish Aerospace Industries) օդատիեզերական ընկերությունը։ Արտադրողի հայտարարությունների համաձայն՝ Hurjet-ը կզարգացնի ժամում մինչև 1,5 հազար կիլոմետր արագություն, թռիչքներ կիրականացնի մինչև 13,7 կմ բարձրության վրա և մինչև երեք հազար կիլոգրամ օգտակար բեռ կկրի: