ԱԽ գրասենյակը հանդես է եկել պատերազմի 4-րդ օրն այն կանգնեցնելու անհրաժեշտության մասին ՀՀ ԶՈՒ ԳՇ նախկին պետ Օնիկ Գասպարյանի հայտարարությանը, որը մեջբերել է նաև անազատության մեջ գտնվող ՊՆ նախկին նախարար Դավիթ Տոնոյանը։
«Ի պատասխան ՀՀ պաշտպանության նախկին նախարար Դավիթ Տոնոյանի՝ մայիսի 5-ին News.am-ին տրված հարցազրույցի, Անվտանգության խորհրդի գրասենյակը հարկ է համարում պարզաբանել սույն հարցազրույցում հնչած պնդումը, ըստ որի՝ Օնիկ Գասպարյանն իբրև պատերազմի չորրորդ օրը պատերազմը կանգնեցնելու անհրաժեշտության մասին է բարձրաձայնել:
Սույն պնդման առնչությամբ ներկայացնում ենք ԱԽ-ի՝ 30.09.2020 թ. նիստին Օնիկ Գասպարյանի զեկույցից արձանագրված որոշ հատվածներ (տես՝ քաղվածք №1), որոնցում պարոն Գասպարյանը մասնավորապես նշում է. «Պարոն վարչապետ, ըստ էության, իրադրությունը մարտավարական առումով անփոփոխ է, այսինքն՝ որևէ առաջընթաց հակառակորդը չի ունեցել …»՝ ավելացնելով. «… Ամեն դեպքում, զորքերբ իրենց խնդիրը կատարում են, առավոտյան մի հատ փոքր հակահարված ձեռնարկեցինք Ջաբրայիլի ուղղությամբ, հաջողություններ ունեցանք …», եզրափակելով իր ելույթը՝ Օնիկ Գասպարյանը նշել է. «Սա է իրավիճակը, շարունակում ենք մեր խնդիրը կատարել ու մինչև վերջ շարունակելու ենք կատարել»:
Անվտանգության խորհրդի գրասենյակը մեկ անգամ ևս հրապարակում է ԱԽ 30.09.2020 թվականի նիստի գաղտնազերծված հատվածների ձայնագրությունը, և վերահաստատում, որ Օնիկ Գասպարյանը պատերազմի չորրորդ օրվա ԱԽ նիստում պատերազմը կանգնեցնելու որևէ առաջարկ չի արել»,- նշված է պարզաբանման մեջ։
Հիշեցնենք, որ Երևան ՔԿՀ-ում գտնվող նախկին նախարար Դավիթ Տոնայանը գրավոր պատասխանել է NEWS.am-ի կողմից ուղղված մի քանի հարցերին։
Նա նշել է, որ ԳՇ նախկին պետ Օնիկ Գասպարյանը պատերազմի չորրորդ օրն ԱԽ նիստին զեկուցել է, որ 2–3 օրվա ընթացքում անհրաժեշտ է պատերազմը կանգնեցնել։
Տոնոյանը վերահաստատել է, որ վերոհիշյալ հայտարարությունն արվել է, ավելին՝ այն արվել է ոչ միայն Անվտանգության խորհրդի նիստերում, և այն իր հետ համաձայնեցված է եղել: