ՀԱՊԿ անդամ պետությունների զինված ուժերի համար զինվորական կադրերի և մասնագետների համատեղ պատրաստման հարցերը քննարկվել են զինվորական կադրերի պատրաստման բազային ուսումնամեթոդական կազմակերպությունների ղեկավարների հավաքի ժամանակ։ Այս մասին БелТА-ի փոխանցմամբ՝ հայտարարել է ՀԱՊԿ միացյալ շտաբի մամուլի քարտուղար Վլադիսլավ Շեգրիկովիչը:
ՀԱՊԿ-ի միացյալ շտաբի պետ, գեներալ – գնդապետ Անատոլի Սիդորովի խոսքով՝ ՀԱՊԿ-ի անդամ պետությունների ռազմական համագործակցության առաջնային ուղղություններից է կազմակերպության զինված ուժերի համար ռազմական կադրերի և մասնագետների համատեղ պատրաստումը: Նա նշել է, որ համատեղ ուսուցումը կատարվում է ՀԱՊԿ չորս անդամ պետություններում։
Շչեդրիկովիչը նշել է, որ ուսումնամեթոդական հավաքի ընթացքում քննարկվել է ՀԱՊԿ անդամ պետությունների համար ռազմական կադրերի համատեղ պատրաստման համակարգի կատարելագործման արդիական հարցերի լայն շրջանակ:
«Կարծիքներ են փոխանակվել միասնական ուսումնական ծրագրերի և ՀԱՊԿ Հավաքական անվտանգության համակարգի ուժերի և միջոցների կազմի մեջ մտնող միավորումների, զորամասերի և ստորաբաժանումների, այլ զորքերի և զինվորական կազմավորումների համար անհրաժեշտ մասնագիտությունների գծով համատեղ խմբերում պատրաստության կազմակերպման փորձի վերաբերյալ», – ասել է մամուլի քարտուղարը:
Նրա խոսքով՝ միջոցառման ընթացքում մշակվել են համաձայնեցված մոտեցումներ ՀԱՊԿ անդամ պետությունների համար ռազմական կադրերի համատեղ պատրաստման համակարգի կատարելագործման, ինչպես նաև գիտահետազոտական գործունեության հարցերի վերաբերյալ:
Նշենք, որ հուլիսի 12-13-ը Մոսկվայում կայացել է ՀԱՊԿ անդամ պետությունների և ՀԱՊԿ բազային գիտահետազոտական կազմակերպությունների համար զինվորական կադրերի պատրաստման բազային ուսումնամեթոդական հավաքը՝ ռազմական համագործակցության խնդիրների հետազոտման բնագավառում: Միջոցառումը տեղի է ունեցել ՌԴ Զինված ուժերի գլխավոր շտաբի ռազմական ակադեմիայի ռազմակայանում: