Հունիսին ՀՀ ՊՆ պատվիրակությունն այցելել է Հնդկաստան, գրում է հնդկական India Narrative պարբերականը։
Պարբերականի տվյալներով՝ պատվիրակությունը ժամանել է պլանավորվող գնումների ցանկով։ «Թեև դրա բովանդակության մասին քիչ բան է հայտնի, սակայն հաստատվել է, որ անօդաչուները ցուցակում զգալի տեղ են զբաղեցրել», – գրում է կայքը:
Նշվում է, որ Հայաստանն առաջին անգամ չէ, որ հետաքրքրություն է ցուցաբերում հնդկական ռազմական տեխնիկայի նկատմամբ։ 2020 թվականին Հանրապետությունը 40 մլն դոլարի գործարք է կնքել Հնդկաստանի հետ՝ հնդկական արտադրության SWATHI հրետանային դիրքերի հայտնաբերման չորս ռադարների մատակարարման համար:
Պարբերականը գրում է, որ այդ ժամանակից ի վեր Հայաստանի պաշտպանական պահանջարկն աճել է երկրաչափական պրոգրեսիայով։ «Պատերազմը Ղարաբաղում ստիպեց մեզ վերաիմաստավորել մեր պաշտպանական պահանջները», – կայքը մեջբերում է հայ պաշտոնյայի, որը ցանկացել է անհայտ մնալ:
Նշվում է, որ Հայաստանի հետ Հնդկաստանի կապերը «քաղաքակրթական բնույթ են կրում»։ Պարբերականի գնահատմամբ՝ երկկողմ հարաբերությունները նոր թափ են ստացել սեպտեմբերին Նյու Յորքում ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի նստաշրջանի շրջանակներում Հնդկաստանի և Հայաստանի վարչապետների հանդիպումից հետո:
«Հնդկաստանը Հայաստանը դիտարկում է ոչ միայն որպես բարեկամ, այլև որպես լավ հակակշիռ Թուրքիային, որի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը հատկապես ռազմատենչ էր Քաշմիրի հարցում», – գրում է կայքը:
Պարբերականը շեշտում է Հայաստանի ռազմավարական դիրքը և նշում, որ Հայաստանը կարող է ռազմավարական կարևոր գործընկեր դառնալ Հնդկաստանի համար պաշտպանության, ներդրումների առևտրի ոլորտներում: