ՌԴ Հարավային ռազմական օկրուգի՝ Հայաստանում տեղակայված 102-րդ ռազմակայանի զինծառայողները Գյումրու զորամիավորման կայազորում ձեռնամուխ են եղել «Բանակ-2022» ռազմատեխնիկական համաժողովի միջոցառումների նախապատրաստմանը: Այս մասին հայտնում է ՌԴ ՊՆ մամուլի ծառայությունը։
Հարավային ռազմական օկրուգի զինծառայողները զբաղվում են տեխնիկայի և սպառազինության նախապատրաստմամբ, որոնք ներկայացված կլինեն ցուցադրության հարթակներում։ Ցուցադրական ելույթ կունենա հատուկ նշանակության ստորաբաժանումների անձնակազմը։ Զինծառայողները կցուցադրեն ձեռնամարտի տարբեր մեթոդներ և «բուրգ» զորաշարվածքը։
Բացի այդ, ռազմակայանի խոհարարները իսկական զինվորական շիլա և ըմպելիք կհյուրասիրեն համաժողովի հյուրերին։ Ցուցահանդեսային միջոցառումները կանցկացվեն ռուսական ռազմակայանի «Պատրիոտ» այգում 2022 թվականի օգոստոսի 19-21-ը:
Ռազմատեխնիկական համաժողովը կանցկացվի Ռուսաստանի Դաշնության 9 սուբյեկտների «Պատրիոտ» ռազմահայրենասիրական պարկերի 16 տեղամասերում՝ Հարավային ռազմական օկրուգի և Հայաստանի, Աբխազիայի և Հարավային Օսեթիայի ռուսական ռազմակայանների տարածքում։