ՀՀ ԿԳՄՍ նախարարությունը մանրամասներ է ներկայացրել 2022 թվականի հուլիսի 1-ից հետո ռազմաուսումնական հաստատություններ ընդունված, այն ավարտած և սպայական ծառայության անցած զինծառայողներին անհատույց օգտագործման իրավունքով բնակարաններ հատկացնելու վերաբերյալ։
Ինչպես տեղեկացնում է նախարարությունը, ռազմաուսումնական հաստատություն ընդունված քաղաքացիների հետ կնքվող զինվորական ծառայություն անցնելու պայմանագրի ժամկետը սահմանվել է 20 տարի, որից ռազմաուսումնական հաստատությունում ուսումնառության ժամկետը՝ որպես պարտադիր զինվորական ծառայություն, իսկ ուսումնառությունն ավարտելուց հետո՝ որպես հետուսումնական պայմանագրային զինվորական ծառայություն:
Ռազմաուսումնական հաստատությունն ավարտած և ՀՀ ՊՆ համակարգում կամ ՀՀ ԱԱԾ սահմանապահ զորքերում սպայական պաշտոնի նշանակված սպայական կազմի զինծառայողին անհատույց օգտագործման իրավունքով կհատկացվի բնակարան՝ նրա հետ կնքելով անշարժ գույքի անհատույց օգտագործման պայմանագիր:
Գերատեսչությունից պարզաբանել են, որ հատկացված բնակարանի օգտագործումը և տիրապետումը զինծառայողի համար ներառում է նաև բնակարանը վարձակալությամբ տրամադրելու իրավունքը: Սահմանված ժամկետով կնքված պայմանագրային զինվորական ծառայություն անցնելու պայմանագրի ժամկետը լրանալու կամ մինչև պայմանագրի ժամկետը լրանալն առողջական վիճակի պատճառով զինվորական ծառայության համար ոչ պիտանի ճանաչվելու հիմքով պայմանագրային զինվորական ծառայությունից արձակվելու և օրենքով սահմանված կարգով հաշմանդամության զինվորական կենսաթոշակի իրավունք ձեռք բերելու դեպքերում հատկացված բնակարանը զինծառայողին տրամադրվում է անհատույց սեփականության իրավունքով:
Նախարարությունից ընդգծում են, որ պայմանագիրը վաղաժամկետ լուծվելու դեպքերում անշարժ գույքի անհատույց օգտագործման պայմանագիրը համարվում է լուծված և հատկացված բնակարանի նկատմամբ դադարում է զինծառայողի անհատույց օգտագործման իրավունքը:
Զինծառայողի զոհվելու դեպքում զինծառայողին անհատույց օգտագործման իրավունքով հատկացված բնակարանը անհատույց սեփականության իրավունքով տրամադրվում է զոհված (մահացած) զինծառայողի ընտանիքի անդամներին:
Համապատասխան պայմանների դեպքում ծրագրի շրջանակներում հնարավոր է նաև սեփականության իրավունքով Երևան քաղաքում 3 սենյականոց (մինչև 90 քմ) բնակարանի հատկացում՝ ՀՀ ՊՆ-ի կողմից պատրաստի բնակարանների ձեռքբերման միջոցով։