Մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմի ներկայացուցիչներն այցելել են զինվորական հոսպիտալ և տեսակցել 2022 թվականի օգոստոսի 3-ին ադրբեջանական զինված ուժերի կրակոցներից վիրավորում ստացած զինծառայողներին, որոնք տեղափոխվել էին Երևան՝ բուժումը շարունակելու համար։ Այս մասին տեղեկացնում է Մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմը։
Նշվում է, որ այցի ընթացքում տեղի են ունեցել առանձնազրույցներ: Զինծառայողների առողջական վիճակը քննարկվել է հոսպիտալի բուժանձնակազմի հետ: Պարզվել է, որ զինծառայողներն ստացել են տարբեր վիրավորումներ (դեմքի, ազդրի, կրծքավանդակի և այլն), ինը զինծառայողներից յոթի վիճակը բժիշկները գնահատել են բավարար, մեկինը՝ միջին, մյուսինը՝ կայուն ծանր:
Մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմում ամփոփվում են հավաքագրված տեղեկությունները: Զինծառայողների առողջական վիճակը Պաշտպանի աշխատակազմի անմիջական ուշադրության ներքո է: